ջերմեռանդությամբ, աղոթեցի այնպես, որպես չեմ աղոթել երբեք իմ կյանքում. և արտասուքը հոսեց աչքերիցս ինչպես աղբյուր... ուրախությա՞ն արցունք էր դա, թե՞ ապագա վշտերի նախազգացման, չկարողացա իմանալ։ Երբ հանդեսն ու պատարագը վերջացավ և դպիրներն սկսան մեղեդիները երգել, թագավորին մոտեցան համբուրելու նախ եպիսկոպոսները, հետո մայր-թագուհին, վրաց թագավորը, ապա իշխանները և վերջը իշխանազուն տիկնայք և օրիորդները։ Օրիորդների մեջ առաջինը ես համբուրեցի թագավորի աջը և շրթունքներս դողդողացին... Երբ հեռացա, զգում էի, որ երեսս վառվում է, շտապեցի մորս հետ միասին խույս տալ դեպի ժողովրդի հետին շարքերը, որոնք վայրկենաբար ճանապարհ էին բանում մեր առաջ և օրհնանքներ ուղղում իմ անվան։ Թագավորը դուրս եկավ եկեղեցուց` շրջապատված եպիսկոպոսներով ու իշխաններով։ Հեծավ արքայական ոսկեսար երիվայրը, որի վրա բարձրացրած պահում էին ծիրանեգույն ոսկեկար հովանին։ Թագավորին շրջապատեցին առաջից սպարապետը, աջ ու ձախ կողմից թագակիրն ու նշանակալը և ապա թիկնապահների զրահազգեստ գունդը։ Նրանց հետևեց արքայազուն և իշխանազուն ազատանին։ Իսկ թե ի՛նչ էր կատարվում կաթողիկեից դուրս, քաղաքի փողոցներում, անկարելի է նկարագրել. ամբողջ Դվինը մի աչք, մի շունչ և մի հոգի դարձած` յուր թագավորի ելնելուն էր սպասում։ Երբ սպարապետի դրոշը երևաց, մի որոտընդոստ դղրդյուն կարծես Դվինը շարժեց. որոտում էին փողոցները, որոտում էին հրապարակները, բուրգերը, աշտարակները և մինչև անգամ քաղաքից դուրս գտնվող մարտկոցները, և ամենքը միաբերան օրհնում և փառաբանում էին նրան։ Երբ վերադարձանք պալատ, գնացինք իսկույն թագավորին շնորհավորելու։ Այդտեղ էին բոլոր նախագահ իշխանները և արքայազուն տիկնայք։ Մեր շնորհավորանքը մատուցանելուց հետո մայր-թագուհին նստեցրեց ինձ յուր կողքին, ոսկեպատ օթոցի վրա և մտերմական զրույցով սկսավ ինձ զբաղեցնել։ Ի՛նչ էր գտել նա իմ մեջ, չգիտեի, բայց տեսնում էի, որ հոգով ու սրտով կապված է ինձ հետ։ Ընդունված սովորության հակառակ երկար պահեց նա մեզ յուր մոտ։ Եվ երբ հեռանում էինք` հանեց պարանոցից այս մանյակը և անցնելով
Էջ:Muratsan, vol. 4.djvu/65
Այս էջը հաստատված է