երջանկությունը տևողական չէ, ապա վշտերն էլ հավիտենական չեն. նրանք շարունակ տեղի են տալիս միմյանց, որովհետև ամենի սկիզբն մի վախճան ունի. տխրության հաջորդը ուրախությունն է. սիրածդ դյուցազնը քոնն է և կվերադառնար դեպի քեզ...
-Ա՜խ, Սեդա, ավելին մի՛ ասիր...
-Կամենում էի ասել, թե պետք է համբերել, օրինակ առ հենց մեր թագավորից և քո ամուսնուց. քանի՜-քանի՜ տեսակ փոփոխության է հանդիպել նրա բախտը, որպիսի անհաջողություններ են շրջապատել նրան, և սակայն որպիսի՜ համբերությամբ ու տոկունությամբ է նա հաղթել ամեն դժվարության։
-Ա՛խ, Սե՛դա, ինչպե՜ս քիչ ես զգում... բայց նա այսպիսի վիշտ, այսպիսի կորուստ չէ ունեցել, նա յուր երջանկությունն ու երկինքը չէ ամփոփել մի սրտի մեջ, որ խլած լինեին իրանից...
-Եվ դու, թագուհի, ինչպե՜ս քիչ ես զգում... Ներիր համարձակությանս...
-Ի՞նչ, Սեդա։
-Այն վշտերի ծանրությունը, որ մի օր նրան էր ճնշում։
-Այսի՞նքն։
-Դու ինքդ նկարագրեցիր այն երջանիկ օրը, երբ Դվինում թագավոր պսակեցին բազմահաղթ Աշոտին. այնպես չէ՞։
-Այո՛:
-Բայց հետո ամիսներ չանցած, ի՜նչ ծանր վշտեր չպաշարեցին նրան։
-Գիտե՞ս, Սեդա, այդ ժամանակվա դեպքերից ես քիչ բան գիտեմ։
-Այո՛, որովհետև շատ բան ծածկում էին քեզանից։
-Չեմ մոռացել միայն այն, որ երբ Դվինից վերադարձանք Գարդման, հայրս ասաց, թե մեր զորքերից մի քանի գունդ շուտով պիտի հասցնենք թագավորին, որովհետև ներքին գավառներում ապստամբություն է ծագել։
-Այո՛, միայն այդքան. և նրանից հետո է՛լ ուրիշ տեղեկություններ չհաղորդեցին քեզ։