-Երբեմն հարցնում էի, թե ինչո՞ւ Աշոտը չէ գալիս մեր երկիրը, կամ թե...
-Ե՛րբ պիտի կատարվի մեր հարսանիքը։ Այդ հարցը ինձ արիր մի օր և՛ ծիծաղելով, և՛ շառագունելով։
-Այո՛, հիշում եմ։
-Եվ իշխան Սևադան երբեմն կցկտուր, երբեմն մանվածապատ պատասխաններ էր տալիս. մերթ հուսադրում, մերթ վհատեցնում էր քեզ, բայց ոչ տխրեցնելու չափ։
-Եվ իրա՛վ, այդ բոլորի մասին ինձ հետո բացատրություններ չտվին, որովհետև ուրիշ կարևոր դեպքեր սկսան մեզ զբաղեցնել։
-Այո՛, բայց եթե տված լինեին, այն ժամանակ կիմանայիր, թե խեղճ թագավորը, երեք երկար տարիների ընթացքում, որպիսի՜ ծանր չարիքների ու վտանգների դեմ է մաքառել. թե՛ մարդկանց և բռնության ձեռքով յուր երկրին հասած թշվառությանց առաջն առնելու համար ինչ հերոսական կռիվներ է մղել։
-Պատմի՛ր մի քանի խոսքով, ի՞նչ էր պատահել թագադրությունից հետո։
-Թագադրությունից հետո՞, օ՜, մեծ բաներ։ Ասենք մի երկու խռովությունների պատճառն էլ իմ նորատի տիրուհին էր։
-Ե՞ս:
-Այո՛, իմ թագուհի դու։
-Ինչպե՞ս Սեդա, պատմի՛ր, այդ հետաքրքրական է։
-Դու հո ինքդ ես տեսել, թե հայոց իշխանները ինչպե՛ս մի սիրտ ու հոգի եղած հավաքվել էին Դվին Աշոտ-Երկաթը թագավորացնելու։
-Այո՛, և ամենքը ուրախ էին այդ համազգային տոնախմբության ժամանակ։
-Բայց շատ շուտով նրանցից մի քանիսի ուրախությունը փոխվել էր տխրության։ Այն իշխանները, որոնց դու մերժել էիր քո ձեռը, որքան որ ուրախ էին Աշոտի թագավորելուն, այնքան էլ հակառակ` որ նա ամուսնանար քեզ հետ։ Նրանք կցանկանային, որ Սահակ Սևադայի հպարտ աղջիկը, որ մի օր մերժել էր իրանց յուր ձեռը, դառնար մի հասարակ ազնվականի