կին և ոչ թե հայոց թագուհի։ Եվ սակայն արքայի մայրը Դվին եկած բազմաթիվ իշխանազն օրիորդների մեջ միայն քեզ էր հարսն ընտրել յուր համար։ Բացի մերժված իշխաններից, թագավորի դեմ գրգռվել էին նաև նրանք, որոնք հարսնացու օրիորդներ ունեին և գգվել էին իրանց այն հուսով, թե գուցե թագավորը կփեսայանա իրանց։ Սակայն այդ մանյակը, որ այժմ այդքան սիրելի է քեզ, բոլորի հույսը ի դերև էր հանել։ Եվ, ահա՛, երբ նրանք ցրվում են իրանց գավառները, սկսում են հետզհետե լարվել թագավորի դեմ. մայր-իշխանուհիները մանավանդ սկսում են ամուսինների պատվասիրությունը գրգռել և հնացած բարկությունը փոխել ատելության։ Այս ամենի հետևանքը եղավ այն, որ Հայաստանի մի քանի անկյուններում միաժամանակ մի քանի խռովություններ փրթեցան։ Մի քանի իշխաններ ուղղակի թագավորի դեմ գնալ չհամարձակվելով, սկսան հավասարագահ իշխանների հետ կռվել, հաշվելով, թե միևնույն է, այդպիսով էլ թագավորի հանգստությունը կվրդովեն։ Այդպես Արծրունյաց Գուրգեն արքաեղբայրը օգուտ քաղելով Սյունյաց Սմբատ իշխանի բացակայությունից, գրգռեց եղբորը` բռնավոր Գագիկին, պաշարել Նախիջևանը և առնել։ Վերջինս լսեց եղբորը։ Սմբատ իշխանն այդ իմանալով` մեծ պատրաստությամբ եկավ Արծրունիների վրա` յուր կալվածքն ազատելու հուսով։ Երկու կողմից էլ կատաղի ընդհարում, մեծ վնասներ և կոտորածներ եղան։ Ուրիշ մի քանի իշխաններ, որոնք ըստ օրինի պարտավոր էին միաբանել իրանց թագավորի հետ և հարկավոր ժամանակ զորք հասցնել նրան, հայտնի կերպով բաժանվեցան թագավորից և մի քանիսն էլ ապստամբության փորձ արին։ Թագավորն ստիպված եղավ շատ քաղաքներ ու բերդեր նորից պատերազմով նվաճելու, շատ տեղեր ավերելու և յուր իսկ երկրի մեջ կոտորածներ անելու, պետության խաղաղությունը վերականգնելու համար։ Նույնիսկ վրաց Ատրներսեհ թագավորը հայ իշխանների գրգռմամբ թշնամացավ Աշոտ արքայի հետ և մեր հյուսիսային գավառներից մի քանիսը փորձ արավ սեփականելու։ Այս փորձը իսկապես ուղղված էր Սևադա իշխանի, իբր արքայի աներոջ, դեմ։ Թագավորն ստիպված էր Վրաց մի քանի գավառներն
Էջ:Muratsan, vol. 4.djvu/69
Այս էջը հաստատված է