արյուն, ամեն տեղ կրակ և պղծություն, անկյուն չկար, որ ազատ լիներ այդ հրեշների արհավիրներից... Երբ անպաշտպան ավաններն ու քաղաքներն ավերեցին, այնուհետև դիմեցին բերդերի և ամրոցների վրա։ Մի քանի տեղ, ճշմարիտ է, պաշարյալները քաջությամբ դեմ դրին թշնամուն և մեծ կոտորած արին նրա զորքի մեջ, բայց շատ տեղ էլ բռնությամբ կամ մատնությամբ գրավեցին նրանք ամրոցները և միջի բնակիչները անխնա կոտորեցին։
- Ի՞նչ էր անում, ուրեմն, այդ ժամանակ թագավորը։
- Ի՞նչ պիտի աներ, իշխանների մի մասը միացել էր թշնամու հետ կամ անձնատուր էր եղել նրան, մի մասը եղբայրասպան կռվով էր զբաղված յուր դրացու կամ ազգականի հետ, այսինքն, այն միջոցին, որ օտարը մի կողմից ավերում էր իրանց երկիրը, իրանք էլ մյուս կողմից էին ավերում։ Մեր անմիտ ազգի մեջ այսպիսի եղբայրասպան ընդհարումներ շատ են եղել և միշտ էլ կլինին։ Մի քանի` ուժ ունեցող իշխաններ ամրացել էին իրանց բերդերում և կռվի դաշտը չէին իջնում։ Մնացել էին թագավորի հետ հայրդ` յուր գարդմանացի գնդերով, Սիսակյան իշխանները` սյունեցի վաշտերով և Մարզպետունի իշխանը` պետական զորքերով։ Իսկ այս միության ուժը համեմատելով թշնամու զորության հետ, մի ոչնչություն էր։ Հարցնում ես` ի՞նչ էր անում թագավորը. համարյա թե ոչինչ կամ ա՛յն, ինչ որ կարող էր և պարտավոր էր անել.-յուր սակավաթիվ զորքի մի մասը զինակից իշխաններին հանձնած և մյուս մասը հետը վերցրած` ինչպես մի վիրավոր առյուծ` արշավում էր երկրի այս կամ այն կողմը։ Թշնամու հետ ճակատ առ ճակատ պատերազմել չէր կարող, ուստի երբեմն հանկարծական հարձակումներով շփոթում էր նրա զորքերի կարգը, երբեմն մենավոր գնդերի վրա ընկնելով ջարդում նրանց, երբեմն պաշարված բերդերին օգնության հասնելով հարվածում պաշարողներին, միով բանիվ` գործում էր իբրև ասպատակ գնդերի հրամանատար, հուսալով, թե այսօր կամ վաղը խելքի կգան իշխանները և յուր հետ միաբանելով կանոնավոր ճակատամարտով կարտաքսեն հայրենիքից ընդհանուր թշնամուն։ Բայց արքայի համար ամենամեծ հարվածն եղավ այն, որ յուր հորեղբորորդի Աշոտ սպարապետը