Այս էջը հաստատված է

-Օ՜, և դեռ չգիտես, թե ուրիշ ի՛նչ զարհուրելի բան ենք ծածկել քեզանից.

-Ի՞նչ, Սեդա, -վախեցած հարցրեց թագուհին։

-Սովը, սարսափելի սովը. հետո վայրենի գազանների, գայլերի ու բորենիների երևան գալը և քաղաքներում ու գյուղերում մարդիկ հափշտակելը։

-Սովի մասին ես լսել եմ։

-Ի՜նչ ես ասում, թագուհի՛, ինչպե՜ս կարելի էր իսկությունը քեզ հայտնել. սիրտդ կտոր-կտոր կլիներ։ Դու ծանոթ էիր մեր Գարդմանա սովի հետ. բայց դա սով չէր, այլ հացի թանկություն։ Տրտու գետը և Գարդմանա քաջերը թույլ կտայի՞ն, որ մեր երկրում սով լիներ: Սովը, սարսափելի սովը տիրում էր Գարդմանից այս կողմը գտնվող երկրներում։ Ամբողջ երկու տարի բուն Հայաստանը կռվի և արյան դաշտ էր դարձած, բոլոր այդ ժամանակ գյուղացիք վարել, ցանել ու հնձել չէին կարողացել։ Եվ ինչպե՞ս կարողանային, քանի որ դաշտ ու ձոր, լեռ ու անտառ հագարացի զորքերով ու հելուզակներով էին բռնված, իսկ ազատ անկյուններում էլ հայ զորքերն էին միմյանց կոտորում, հայ իշխաններն իրար ջնջում։ Այս պատճառով երկրագործները ցրվեցան, այգիներն ու դարաստաններն անխնամ մնացին, ժողովրդի վերջին պաշարը վայրենի զորքերն սպառեցին և սովը յուր զարհուրելի հետևանքներով բռնացավ Հայաստանի մեջ։ Կարոտությունն իբրև մի վարակիչ ժանտախտ աղքատների խրճիթից հարուստների ապարանքը մտավ. ամեն տեղ տիրեց քաղցը, թշվառություններից դառնագույնը... 0՜, երանի՜ նրան, ով աչքերով չի տեսել այդ աղետը... Մարդիկ քաղաքների ու գյուղերի մեջ ունեցածնին սպառելով` ցրվեցան դաշտերը, ձորերն ու լեռները, որպեսզի գոնե կանաչ խոտ կամ բանջար ճարակելով քաղցերնին անցընեն։ Չնայելով, որ շատերը այդ խոտաճարակներից մեռնում էին վնասակար խոտեր ուտելուց, այսուամենայնիվ քիչ ժամանակի մեջ դաշտերի ու լեռների կանաչն սպառեցին։ Այնուհետև սկսան անսուրբ կենդանիներն ուտել, այն է` էշ, ձի, կատու, շուն, մինչև անգամ որդեր, ճիճուներ...