Այս էջը հաստատված է

-Ա՜խ, Սեդա, ինչե՜ր ես ասում, դադարի՛ր, լսել չեմ կարող...

-Այո՛, իմ տիրուհի, ուտում էին... բայց ավելի սարսափելին, ավելի զարհուրելին կա... Օ՜, կին արարածի ականջը լսել չէ կարող...

-Ի՞նչ, Սեդա:

-Կսարսափես, չեմ կարող ասել:

-Ասա՛, Սեդա, պատմի՛ր, դու արդեն այդ տեսակ բաներ լսելն ինձ սովորեցրիր:

-Ասում էին, թագուհի՛, որ հրապարակները լցվել էին մերկ կամ հազիվ ցնցոտիներով ծածկված սովատանջ մարդկանցով, որոնք շրջում էին իբրև ուրվականներ և միմյանց դիպչելուց՝ անշնչացած ընկնում փողոցի մեջ... Փոքր ի շատե ուժ ունեցողները հարձակվում էին այդ դիակների վրա և նրանց միսը ատամներով հոշոտելով լափում։ Ամեն մի ընկած դիակի վրա հավաքվում էին բազմաթիվ գիշատիչներ, ինչպես դժոխային չարատանջ ոգիներ...

-Օ՜, զարհուրելի է...

-Իսկ ի՞նչ կասեիր կաթնկեր երեխաների համար, որոնք երկարատև լալուց նվաղած ձայնով հրում էին մայրերի չորացած ստինքները. փոքրիկ մանուկների համար, որոնք արտասուքը դալկացած ծնոտներից ծորելով և չորացած շրթունքներով հա՜ց հա՜ց գոչելով օդը լցնում էին աղեխարշ աղաղակներով, իսկ շատերը նվաղած` գետին գլորվում և անշնչանում...

— Օ՜, սիրտս մաշվեցավ, Սեդա, բավական է:

-Եվ հետո... բուն զարհուրելին դեռ չասացի... Գտնվեցան մայրեր, ո՛չ, գազան արարածներ, որոնք իբրև թե իրանց մանուկների տանջանքը չտեսնելու համար, մորթեցին նրանց և կերան...

-Լռի՛ր Սեդա. այևս ոչ մի խոսք...

Եվ թագուհին սաստիկ հուզումից այլագունելով ընկավ բարձերի վրա: