ՀԱՐՍԻ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՈԳԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՓԵՍԱՅԻ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՌԻԹՈՎ
Գիշերից բավական անցնել էր. հավերը խոսել էին վաղուց. Սեդան սպասում էր, որ թագուհին յուր պատմություններից հոգնած` կպառկե վերջապես հանգստանալու և իրան էլ կհրամայե հեռանալ: Բայց նրա հույսը չարդարացավ։ Վերջին պատմությունները, ճշմարիտ է, գրգռել էին թագուհու ջղերը և այդ պատճառով մի առժամանակ լռությունը նրանց զրույցն ընդհատեց, բայց երբ Սեդան բարձրացավ ճրագարանի պատրույգներն ուղղելու և նորեն դեպի յուր աթոռակը դարձավ, թագուհին հարցրեց.
-Այդ ժամանակ չէ՞ր, Սեդա, որ թագավորը Կոստանդնուպոլիս գնաց։
-Այո՛ թագուհի, հենց այդ թշվառությունների ժամանակ, -պատասխանեց Սեդան և ապա նորեն նստելով` շարունակեց.
-Ես որ ասում էի, թե վշտերը հավիտենական չեն, թե խավար գիշերին հաջորդում է լուսավոր օրը և բուքին ու փոթորկին` պայծառ արևը... Դու քո վշտերից, քո տանջանքներից ես խոսում, բայց դրանց կարելի՞ է համեմատել այն վշտերի հետ, որոնց տանում էր թագավորը... Անցյալ պատերազմների և սովի արհավիրների լոկ պատմությունը ճնշում է քո սիրտը. հապա ի՞նչ աներ նա, որ այդ ցավերի դառնությունը կրում էր անձամբ, իբրև թագավոր, իբրև ժողովրդյան հայր, դեպի որը դիմում էին բոլոր տառապյալները, դեպի որը բյուրավոր թշվառներ կարկառում էին իրանց ձեռքերը... Բայց և այնպես նա այդ նեղությունները տարավ հերոսաբար, և որովհետև յուր հույսը դրել էր աստծու վրա, ուստի նա չթողեց արքային։ Այն միջոցին, որ յուր իշխանները հեռացած էին իրանից, և երկիրը հեծում էր թշնամու և սովի արհավիրների երեսից, հունաց կայսրը և պատրիարքը կարեկցական և մխիթարական նամակ գրեցին թագավորին, նույնպես և կաթողիկոսին, հորդորելով