Այս էջը հաստատված է

Երբ իմացավ, որ Աշոտ թագավորն էլ հունաց օգնական զորքերովն է վերադառնում Հայաստան, էլ սարսափը պատեց նրան. առանց Ժամանակ կորցնելու ելավ և յուր մնացած զորքերով փախավ Դվինից դեպի Ատրպատական։ Թագավորը վերադարձավ` հաջողություններով պսակված։ Առանց աշխատության տիրեց կրկին հագարացիների գրաված երկրներին։ Մի քանի տեղ, ճշմարիտ է, փոքրիկ ընդդիմություններ եղան, բայց հունաց և հայոց միացյալ ուժի առաջ ամեն արգելքներ հարթվեցան։ Մեր աշխարհը կրկին խաղաղվեց, ժողովուրդը շունչ առավ, արտերն ու այգիները կանաչեցին, երկիրը բերքերով լցվեցավ և մարդիկ սկսան ոչ միայն առօրյա հանգստություն վայելել, այլև ուրախության տոներ կատարել:

-Կարծեմ ամենից առաջ իմ տագր Աբասն սկսավ:

-Արքաեղբա՞յրը... Այո՛: Թագավորը դեռ չէր վերադարձել` որ նա գնաց և ափխազաց Գուրգեն մեծ իշխանի դստեր հետ ամուսնացավ։ Չէ՞ որ վաղուց սիրում էին նրանք իրար։

-Գիտեմ. թագավորի թագադրության օրերից։ Իմ աչքի առաջ սկսվեցավ նրանց բարեկամությունը...:

-Այո՛, Դվինում. մի փոքր առաջ պատմում էիր: Բայց ժողովուրդը բամբասում էր նրան, որ մեծ և թագավոր եղբորից առաջ պսակվեցավ:

-Իզուր: Երևի Ափխազիայի օրիորդը առավել գրավիչ և զորեղ էր, քան Սահակ Սևադայի աղջիկը. ի՞նչ կա այդտեղ բամբասելու:

-Ո՛չ, իմ թագուհի, անակնկալ դեպքերն ուշացրին ձեր հարսանիքը։ Չէ՞ որ Յուսուփ ոստիկանը թագավորի` հունաց հետ միաբանելը լսելով` շտապել էր մի ընտանի և զորեղ թշնամի պատրաստելու նրա դեմ: Սատանայական խորամանկությամբ նա թագ դրավ Աշոտ սպարապետի գլուխը և ուղարկեց Հայաստան։

-Այո՛, որպեսզի հարազատը հարազատի դեմ կանգնեցնելով` երկուսին էլ ուժասպառ անե։

-Եվ եղբայրասպան կռվով հայոց զորքերը տկարացնելով` անաշխատ տիրե մեր երկրին։

-Հասկանալի է։ Այդպես էլ նա արավ Գագիկ Արծրունու