Այս էջը հաստատված է

ընդառաջեցին թագավորին` բերդի հանդիպակաց դռներում, իսկ մայրս ընդունեց նրան դղյակի մուտքի առաջ, շրջապատված Գարդմանի ավագանիներով և նրանց տիկիններով։ Եթե համոզված չլինեի, որ այս շլացուցիչ փառքին հաղորդ պիտի լինիմ ես, եթե չգիտենայի, որ ինձ է պատկանում այն անձը, որին ամենքն աշխատում են մոտենալ, որի հայացքը այնպես ճգնում են հափշտակել և ես միևնույն ժամանակ տեսնեի ինձ այնքան նրանից հեռու, աշտարակի մեջ բանտարկյալ, о՜, գուցե այդ բարձրությունից իսկ գլորեի ինձ ներքև... բայց երբ մտածում էի, թե նա իմն է, թե այդ բազմամբոխ զորքի ու ժողովրդյան հրամայողը իմ ապագա ամուսինն է, երբ տեսնում էի, որ երբեմն իմ ձեռքը խնդրող իշխաններն այժմ անհուն մեծարանքով ու ակնածությամբ գլուխ են խոնարհում նրա առաջ, և այդ բոլորը ես տեսնում եմ, ներքին հրճվանքից սիրտս կամենում էր դուրս թռչել... և այդ միևնույն սիրտը, եթե գտնվեր այդ րոպեին իմ ձեռքում, հավատացիր, իմ բարի Սեդա, ես կգլորեի նրան այդ դյուցազնի ոտքերի առաջ...

Թ

ԱՆՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ

Թագուհին ընդհատեց խոսքը մի քանի վայրկյան, կամենալով, կարծես, յուր աշխույժը չափավորել և ապա նորեն եռանդով շարունակեց.

-Այո՛, Սե՛դա, դու իրավունք ունիս։ Արդարև, կարելի է անցյալի քաղցրությունները հիշելով՝ մոռանալ մի փոքր ներկայի դառնությունները... Եվ ինչպե՜ս սիրելի է ինձ այժմ անցյալը... Մտաբերում եմ այն երջանիկ վայրկյանը, երբ առաջին անգամ ներկայացա թագավորին։ Նա նստած էր այդ ժամանակ դղյակի մեծ դահլիճում, շրջապատված յուր ավագանիներով և իշխաններով: Բոլորն էլ ինձ էին սպասում։ Հենց որ հորս հետ դահլիճի դռներում երևացի, թագավորն իսկույն բարձրացավ աթոռից և դիմավորելով մեզ` վայելչաբար ողջունեց։ Անշուշտ ես շառագունեցի, որովհետև երեսս սկսավ այրվել...