Ինչպե՜ս լավ հիշում եմ այդ վայրկյանը... Հայրս հանձնեց նրան իմ ձեռքը` ասելով. «Ահա՛, արքա, իմ դուստրը և քո հարսնացուն»։ Թագավորն ուրախ և ժպտաղեմ առավ իմ աջը, ջերմությամբ համբուրեց և առաջնորդելով ինձ` տարավ մինչև յուր գահույքը, որից քիչ հեռու պատրաստված էր ինձ համար ծիրանիով ծածկած աթոռ: -«Ներկայացնում եմ ձեզ, իշխաններ, ձեր ապագա թաոուհուն»,-հանդիսավոր եղանակով ասաց թագավորը, և ամենքը միաբերան գոչեցին. «Կեցցե՛ թագավորը, կեցցե՛ թագուհին»... Հետո բոլոր իշխանները մոտեցան և ողջունեցին ինձ ավագության կարգով։ Այդտեղ էին, Սեդա, ինձանից մերժված բոլոր իշխանները... Օ՜, ինչպես կամենում էի, որ այդ րոպեին լինեի ես աշխարհի միակ գեղեցկուհին, որ ամենքը հիանային ինձանով և ասեին, թե հայոց թագավորը ընտրել է, արդարև, յուր անվան արժանի հարսնացու։
-Դու գեղեցիկ էիր ինչպես ավետաբեր քերոբեն...
-Եվ ուրախ էի, որ չէի ամաչեցնում իմ փեսային։
-Այո՛, նա հայտնել էր Մարզպետունի իշխանին, թե երջանիկ է համարում իրան, որ դու գեղեցկությամբ գերազանցում ես Աբասի ամուսնուն։ Ափխազիայի մեծ իշխանը, ասել էր թագավորը, այլևս չի պարծենալ, թե յուր դուստրն է միայն հայոց արքունիքի զարդը։
-Երբ պսակի ժամանակ եպիսկոպոսը առնելով իմ ձեռքը` տվավ արքային, ես բարձրացրի աչքերս և նայեցի նրան... Օ՜հ ինչպե՜ս վեհաշուք երևաց նա ինձ այդ րոպեին, և ես որքան նրանով բարձրացած...«Ահա վերջապես մարմին առան իմ հույսերը, ես երջանիկ եմ»,-մտածում էի ինքս ինձ և ապա հանդուգն մտքեր հղանում. «Սա, այս Աշոտը, այս երկաթի թագավորը իմն է. ոչ ոք այլևս չի կարող խլել նրան ինձանից. մենք արդեն պսակվում ենք. մեր միության դաշնագիրը վավերանում է աստվածային կնիքով... «Զոր աստտուած զուգեաց, մարդ մի՛ մեկնեսցէ»,-ասում է եպիսկոպոսը։ Բայց այսօր, Սեդա, ես զրկված եմ նրանից, նա այլևս իմը չէ. ինչպե՜ս դառն է հավատալ այդ ճշմարտությանը... Բայց չէ՞ որ «աստված մեզ զուգեց», ո՞վ եղավ բաժանողը. ինչպե՞ս