պատահեց այդ. ասա՛, Սե՛դա ասա՛, չէ՞ որ դու էլ այդ գիտես, չէ՞ որ խոստացար պատմել...
-Ես շատ բաներ պատմեցի, սիրելի թագուհի:
-Ո՛չ. դու ինձ չպատմեցիր, թե ինչպե՛ս սկսվեցավ մեր դժբախտությունը. չէ՞ որ նախկին կայծերի հրդեհը մի հայտնի պատճառից բորբոքվեցավ։
-Այո՛. պատճառը դարձյալ մեր թշնամին եղավ...
-Ո՞վ։
-Յուսուփը։
-Ինչպե՞ս։
-Հիշո՞ւմ ես, որ ձեր հարսանյաց օրերը նա մեծագին ընծաներ ուղարկեց թագավորին։
-Այո՛, արքայական թագ, ականակուռ սուր, Արաբիայի ոսկեսար նժույգներ և ուրիշ շատ թանկագին զարդեր։
-Այլև մի մեծ գունդ հագարացի հեծելազոր, իբրև արքունական բանակի սատար։
-Այո՛, հիշում եմ։
-Ի՞նչ էր այդ բարեկամության նպատակը։
-Ասում էին, որ Յուսուփը Պարսկաստանին ինքնագլուխ տիրելու համար կամենում է ամիրապետից ապստամբել։ Եվ որովհետև այդ ժամանակ հայոց թագավորը հաջողության մեջ էր, հունաց կայսրը դաշնակից էր նրան, հայոց իշխանները միաբան էին հետը, հաշտվել էր նա, մինչև անգամ, Գագիկ Արծրունու հետ, իսկ նրա միակ թշնամին, Աշոտ բռնավորը չարաչար հաղթվելով՝ փախել էր Դվին, ահա՛ այդ պատճառով կամենում էր նա թագավորի բարեկամությունը վաստակել: Եվ մեր հարսանիքը հարմար առիթ եղավ նրա համար։ Յուր այդ հարուստ ընծաներով, արդարև, Յուսուփը թագավորի սիրտը շահեց։
-Բայց տես, թե այդ ընծայաբերության մեջ ուրիշ ի՛նչ գաղտնիք էր թաքնված։ Հագարացոց ոստիկանը, հարկավ, հայոց թագավորի հաջողության ցանկացող չէր, սակայն խնդրում էր նրա բարեկամությունը, որովհետև այդ միջոցին հաջողության մեջ էր Աշոտ թագավորը։ Բայց այն հեծելազորը, որ Յուսուփը ուղարկել էր թագավորին, իբր նրա բանակին օգնություն, պատճառ դարձավ մեծ դժբախտության։ Թագավորը