չէր կարողանում համբերել Աշոտ բռնավորի ապստամբական շարժումներին։ Ուստի, երբ հարսանյաց տոները վերջացան, նա որոշեց գնալ Դվին և հալածել նրան մայրաքաղաքից։ Եթե հիշում ես, այդ մտքին հակառակ չէր Սահակ իշխանը։ Ուստի նրանք միասին բանակ կազմեցին. արքայական զորքին միացրին գարդմանացի գնդերը և Յուսուփի հեծելազորը և այդ միացած ուժերով դիմեցին Դվին։ Կաթողիկոսը, սակայն, ընդդեմ էր այդ կռվին. ուստի շտապեց պատերազմն արգելելու։ Չէ՞ որ երկու կողմից էլ հայ զորքերը պիտի ջարդվեին։ Վեհի բոլոր ջանքը, հաշտեցնելու հակառակորդներին, անցավ ապարդյուն։ Թագավորը մի կողմից յուր ուժի վրա վստահացած և մյուս կողմից, ասում են, քո եղբորից` Գրիգոր իշխանից` գրգռվելով, սկսում է պատերազմը։ Բայց որովհետև Յուսուփը դեռ գաղտնի բարեկամ էր Աշոտ բռնավորին, ուստի նրա զորքերը, համաձայն իրանց զորավարի թաքուն հրահանգի, դավաճանեցին թագավորին։ Կռվի ամենատաք ժամանակը նրանք թողեցին ճակատը և թիկունք դարձնելով` փախան: Այդ հանկարծական դիմադարձությունը շփոթել էր թագավորական զորքերին, որով նրանք բռնավորից չարաչար հաղթվեցան։ Ահա՛, Յուսուփի խարդախության շնորհիվ ստեղծված այդ անհաջողությունը եղավ պատճառ, որ թագավորը նոր պատերազմ սկսելու պատրաստություններ։ Նա օգնական զորք բերել տվավ ափխազաց իշխանից, ապա մեծ բանակ կազմեց սեփական զորքերից։ Մտադիր էր ահավոր կռիվ սկսել հակառակորդի հետ։ Բարեբախտաբար, այս անգամ կաթողիկոսը կարողացավ յուր աղերսախառն թախանձանքներով համոզել նրան և հաշտեցնել բռնավոր հակառակորդի հետ...
-Սե՛դա, բոլոր այդ պատմածներդ հայտնի են ինձ, բայց դրանք կապ չունին իմ դժբախտության հետ։
-Ընդհակառակը, թագուհի՛, շատ մոտիկ կապ ունին։
-Ինչպե՞ս:
-Հապա՜։ Թագավորի այս անհաջող ընդհարումը եղավ պատճառ, որ Ուտիքում վերակացու կարգված Մովսես իշխանը ապստամբեցավ թագավորից։
-Եվ հետո՞։