Այս էջը հաստատված է

-Թագավորը և Սահակ իշխանը գնացին միասին նրան նվաճելու...

-Եվ նվաճեցին։ Թագավորը կռվի մեջ արդեն սրով կիսել էր նրա գլուխը և վերջը աչքերը հանել։

-Այո՛, բայց Մովսես ապստամբի փոխարեն նա Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին։

-Ցլիկ-Ամրամի՞ն... Այո՛, հիշում եմ. ուրեմն այդտեղից սկսվեցավ, հա՞...

Թագուհին մի անհանգիստ շարժումով մի կողմ հրեց բարձերը և մահճի մեջ ուղիղ նստելով, հառեր աչքերը դայակի վրա։ Սեդան ոչինչ չէր խոսում. ըստ երևույթին նա աշխատում էր փախուստ տալ նոր մերկացումներից, որովհետև վախենում էր՝ չլինի թե թագուհին նորից վրդովվի։

-Ինչո՞ւ լռեցիր, Սե՛դա,-հարցրեց թագուհին։

-Չգիտեմ, թե ուրիշ ի՞նչ խոսեմ,-պատասխանեց դայակը տխուր ժպտալով։

-Ասացիր, որ թագավորը Ուտիքում վերակացու կարգեց Ցլիկ-Ամրամին, այնպես չէ՞։

-Այո։

-Ինչո՞ւ անպատճառ նրան և ո՛չ մի ուրիշին։ Ի՞նչ գիտես դու այդ մասին։

-Ասում էին, որ Ամրամի մասին բոլորն էլ գովեստով էին խոսել թագավորի հետ։

-Այո՛, նա հուժկու և զորավոր մարդ է, և հենց յուր զորության համար էլ նրան Ցլիկ են անվանում։ Բայց մի՞թե միայն այդ էր պատճառը։

Սեդան լուռ էր։

-Պատմի՛ր ինչ որ գիտես, առանց մի կետ թաքցնելու,-հրամայեց թագուհին այնպիսի խիստ եղանակով, որ Սեդան այլևս հապաղել չհամարձակվեցավ և պատմեց նրան հետևյալը.

-Մովսեսի ապստամբությունը Ուտիքում ճնշելուց հետո եղբայրդ՝ Գրիգոր իշխանը` վերադարձավ Գարդման միայնակ, առանց մեծ իշխանի։ Մորդ հարցին՝ թե ո՞ւր մնաց Սևադա իշխանը, նա պատասխանեց, թե թագավորի հետ միասին պիտի