Այս էջը հաստատված է

գնա Երազգավորս` թագուհուն տեսնելու։ Բայց որքա՜ն մեծ եղավ մեր զարմանքը, երբ մեծ իշխանը երկու օրից հետո վերադարձավ նույնպես Գարդման, վերին աստիճանի տխուր և հուսահատ։ Իշխանուհին շատ անհանգստացավ, կարծելով թե որևէ մի տխուր լուր է առել նա քեզանից։ Բայց իրան, իշխանին սիրտ չարավ բան հարցնել, որովհետև, ինչպես գիտես, հայրդ սովորություն չուներ յուր տխրության մասին բացատրություններ տալ մարդկանց և շատ զայրանում էր, եթե մեկը համարձակվում էր հարցեր անել նրան դրա համար։ Երկու օր շարունակ իշխանը դղյակից դուրս չեկավ։ Երրորդ օրը գաղտնի խորհուրդ ուներ մորդ և եղբարցդ հետ։ Այնուհետև, համարյա, բոլոր տունը տխրեց։ Այդ հանգամանքը անհանգստացնելու չափ ինձ հետաքրքրեց։ Սակայն իշխանուհին, որ ինձանից ծածուկ ոչինչ չուներ, հայտնեց շուտով իրանց տխրության պատճառը. «Իմ Սահականույշը, Սե՛դա, դժբախտացավ արդեն»-ասաց նա ինձ մի օր։

-Ինչո՞ւ,-հարցրի ես զարմանալով։

-Ամուսնուս գործ դրած նախազգուշություններն ապարդյուն անցան,-ասաց նա տխրությամբ։-Իշխանը կարծել էր, թե Սևորդյաց օրիորդին Ցլիկ-Ամրամի հետ ամուսնացնելով, կջնջե արքայի սրտից նրա սիրո հիշատակը, բայց սխալվել է չարաչար. նախկին սիրո կայծերն սկսել են արդեն երևան գալ, և գուցե, հրդեհ առաջացնեն...

-Ինչպե՞ս,-վախենալով հարցրի ես:

-Մովսես ապստամբին նվաճելուց հետո թագավորն իջել է Սևորդյաց ձորը` զորքին հանգստություն տալու։ Այդտեղ դիմավորել է նրան Ցլիկ-Ամրամը` Սևորդյաց իշխաններով և հրավիրել թագավորին յուր ամրոցը` Տավուշ։ Սևադան աշխատել էր, որ նա այդ հրավերը չընդունե, որովհետև գուշակել է գալիք դժբախտությունը, բայց յուր ջանքն ապարդյուն է անցել։ Ասում է, թե թագավորը, որ մինչև այն շտապում էր թագուհուն տված յուր խոստումը կատարելու, այն է` նշանակած ժամանակին Երազգավորս վերադառնալու, սիրով ընդունեց Ամրամի հրավերը և գնաց Տավուշ։

-Հետո՞-հարցրի ես։

-Իշխանն ընկերացել է նրան, շարունակեց մայրդ,-