զատ, ծառայում էր նաև ինչպես մի գեղեցիկ դիտարան թե՛ վտանգի և թե՛ խաղաղության ժամանակ։
923 թվականի աշունն էր։ Գեղարդասարը մերկացել էր արդեն այն աղքատիկ կանաչներից, որոնք հազիվ գարնան վերջերին համարձակվում են ծածկել յուր ժայռապատ լանջերը։ Նա այժմ ամբողջապես փոխարկվել էր քարակարկառ թմբերի ու ամբարտակների, որոնց խոշորագեղ խստությունը չէին մեղմում նույնիսկ Գառնո գեղեցիկ շինությունները։
Օրը տարաժամել էր։ Սարի կրճերից անցնող ճանապարհների վրա շնչավոր էակ չէր երևում։ Դվնո դաշտից դարձողները վաղուց հասել էին տուն և կամ դադարել Այրիվանից խորշերում, ուր հոգևոր հայրերը օթևան և կերակուր էին տալիս ուշացած հայ անցորդներին, թույլ չտալով, որ նրանք մութը կոխելու վրա անցնեն Գառնո կրճերից, որովհետև հագարացի ավազակախմբերը հետևում էին այդպիսիներին ամեն տեղ։
Այս պատճառով շրջակա ձորերի ու անդունդների վրա թագավորում էր ահարկու լռություն, որ հազիվ երբեմն ընդհատվում էր լեռների մեջ շառաչող աշնանային քամուց կամ դարևանդներից գահավիժող Ազատ գետի խոխոջներից։
Բազմամարդ Գառնո մեջ անգամ դադարել էր շարժումը։ Աշնանային խոնավ ու լեռնային ցրտությունը հավաքել էր ամրոցի բնակիչներին իրանց բնակարանները։ Երևում էին միայն մի քանի պահապաններ, որոնք երկաթե գլխանոցներով, ծանր սրերը գոտիներից կախած և պղնձապատ վահաններն ու երկար նիզակները ձեռքներին` անցուդարձ էին անում, ոմանք ամրոցի դռների մոտ կամ պահականոցների առաջ, և ոմանք դղյակի շուրջը, ուր այդ ժամանակ ապրում էր Աշոտ-Երկաթի ամուսինը` Սահականույշ թագուհին։
Չնայելով որ թագավորը դեռ նոր էր հաշտվել յուր հորեղբոր որդի Աշոտ Բռնավորի հետ և նրա հետ միասին էլ Դվին մայրաքաղաքը նորից նվաճելով այլազգիներից մաքրել այն, այսուամենայնիվ ժամանակի վատթարության պատճառով, անկարելի էր թագավորական ընտանիքը Դվինում պահել. հագարացի բռնավորները ամեն ժամանակ կարող էին հարձակվել այդ քաղաքի վրա, որ ժամանակի կռվածաղիկն էր։ Եվ