նախ այդ անզգամի և ապա իմ սիրտը. այն ժամանակ Աշոտ-Երկաթի իշխանությունը չէր վտանգվիլ, Սահակ Սհադան և յուր որդին չէին կուրանալ...։
-Ինչպե՞ս, թագուհի՛, միթե դու էլ այդ բանը Տավուշ բերդում իմացար։
-Այո՛, Սեդա. նույնիսկ այն անզգամի ապարանքում, մեր այնտեղ հասցնելուց մի քանի օր հետո:
-Ինչպե՞ս։
-Այն օրը, որ մենք հյուր էինք Ամրամի մոտ, և այդ իշխանը գինով ոգևորված մոռացել էր յուր կոչումը և հաճոյական զրույցներ էր անում ինձ հետ եղող իշխանուհիների հետ, հիշո՞ւմ ես, հեռացա ես նրա դահլիճից։ Մի ինչ-որ տխրություն պաշարել էր հանկարծ իմ սիրտը, չգիտեի ինչո՛վ փարատել այն, իշխանուհիներից ոչ մեկին չէի կամենում ընկերացնել ինձ։ Ուստի միայնակ ելա և սկսա Ամրամի ապարանքը շրջել։ Հույս ունեի պատահել մի տեղ թագավորին, որովհետև նա առանձնացել էր՝ Ոստանից հասած նամակները կարդալու համար։ Մի նրբանցքից անցնելու ժամանակ հանկարծ իմ ականջին հասավ թագավորի ձայնը. ես ուրախությամբ դիմեցի դեպի հանդիպակաց դուռը, որ Ասպրամ տիկնոջ դստիկոնն էր հանում։ Այդտեղ լսեցի նրա ձայնը. Ասպրամին յուր տանտիկնության հոգսերով զբաղված էի կարծում, բայց զարմացա, որ նա այստեղ խոսակցում է թագավորի հետ: Մի տխուր նախազգացում պաշարեց իմ սիրտը. շունչս կարծես բռնվում էր. առաջ անցա հուսո և երկյուղի մեջ. բացի այն դուռը, որտեղից զրույցի ձայնն էր գալիս... և ի՞նչ տեսա, Սե՛դա... 0՜, ինչպե՜ս այդ ժամին շնչասպառ չեղա ես, ինչպե՜ս չմեռա... Ասպրամ իշխանուհին, Սեդա... թագավորի գրկում...
- Աստվա՜ծ իմ...
- Այո , իմ Աշոտը, իմ անսահման սիրո և երջանկության թագավորը գրկախառն Ցլիկ-Ամրամի կնոջ հետ... Ա՜խ, Սեդա, զգո՜ւմ ես արդյոք, թե ի՛նչ հարված էր սա ինձ համար... Ո՜ր շանթը, ո՜ր կայծակը կարող էր մարդկային սիրտն ավելի անողորմ կերպով հարվածել...
-Եվ հետո ի՜նչ արիր։
Ոչինչ։ նրանք երկուսն էլ մեռելի գույն առան. իսկ ես