Այս անունը արտասանելուց տիրուհու շրթունքները դողացին:
Տեր-Անդրեասը նույնպես խռովվեցավ, բայց նա աշխատեց թաքցնել յուր հուզմունքը։
— Թող գա, մեզ ի՞նչ փույթ. Շահռուխ-բեկի պես շատերը կլինեն նրա հետ։
Տիրուհին ոչինչ չպատասխանեց, կարծես ինքն էլ յուր կողմից խնայելով ամուսնուն, և ճանապարհ տվավ որ վերջինս հառաջե: Մյուս սենյակի մեջ երեցի ծնողները սպասում էին որդուն ու հարսին: Երբ սրանք եկան, իրենք սեղան նստան։
Տեր-հայրը սեղանն օրհնեց և ընտանիքի չորս անդամները սկսան լուռ ու մունջ իրենց ընթրիքը վայելել։
Հետևյալ առավոտ հազիվ տախտակե կոչնակը հնչեց, տեր-Անդրեասը վեր թռավ տեղից և սկսավ հագնվել։ Բայց որքան մեծ եղավ նրա զարմանքը՝ երբ տեսավ թե՝ տիրուհին իրենից առաջ հագնված շտապում է արդեն եկեղեցի։
— Ի՞նչ է պատահել, Վարդենի, ինչո՞ւ այսպես վաղ ես պատրաստվել,— հարցրեց նա ամուսնուն։
— Վատ երազ տեսա, տեր-տեր, շտապում եմ մոմ վառելու,— պատասխանեց տիրուհին։
— Ի՞նչ ես տեսել, հարցրեց քահանան։
— Ժամից հետո կասեմ, հիմա չեմ կարող...— ասաց տիրուհին և սպիտակ շղարշը վրան առնելով՝ դիմեց դեպի եկեղեցի։
Մտնելով տաճարը, որ տակավին մի կանթեղով էր լուսավորված, նա ծունկ խոնարհեց մերկ հատակի վրա, ս. Աստվածածնի պատկերի առաջ և սկսավ ջերմեռանդությամբ աղոթել։ Նա աղաչում էր Միածնի Մորը և յուր երազը ի բարին կատարե, և հեռացնե յուր տան վրայից՝ սպառնացող չարիքը։ Նրա սրտաբուխ աղոթքներին միանում էին և արտասվաց կայլակներ լուսալիր աչքերից։
Աղոթքն ավարտելուց հետո նա գնաց, վերցրեց ժամկոչից երկու հատ դեղնամոմ և մոտենալով ձիթալիր կանթեղին, լույս առավ նրանից. ապա երկու մոմերն էլ վառելով՝ բերավ ու տնկեց ս. Աստվածածնի պատկերի առաջ։