Այս էջը հաստատված է


Երբ ժամկոչը սկսավ եկեղեցին լուսավորել, ներս մտավ տեր-Անդրեասը: Նրան հետևեցին տեր-Սարգիսն ու տեր-Հովսեփը։ Վերջինս սկսավ ժամն օրհնել, իսկ մյուսները սկիզբն արին ժամերգության։ Ժողովուրդը հետզհետե խռնվելով լցրեց եկեղեցին։

Այդ Ժամանակ արդեն տեր-Անդրեասը մոռացել էր տիրուհու երազը։ Երբ ժամերգությունն ավարտեցին՝ նա դուրս եկավ եկեղեցուց՝ ուղղակի գեղամեջ գնալու համար... որովհետև այդ օրը շատ գործ ուներ կատարելու։ Բայց որովհետև պատրաստած թղթերը թողել էր տանը, ուստի ներս մտավ վերցնելու։

— Յուր խուցի մեջ նա տեսավ Վարդենուն՝ կանգնած լուռ ու մտամոլոր։ Իսկույն հիշեց նրա երազը և ժպտալով հարցրեց.

— Հա. դու էլի քո երազի՞ մասին ես մտածում:

— Այո,— պատասխանեց տիրուհին։

— Դեհ, պատմիր այժմ ինձ. ի՞նչ ես տեսել։

— Օ՜, սարսափելի բան, երկյուղից սիրտս պատռվում է։

— Է՜, լավ, պատմիր որ իմանանք։

— Վախենում եմ... շատ եմ վախենում, իմ երազները կատարվում են միշտ... հիշո՞ւմ ես, մի անգամ էլ այսպիսի երազ տեսա և կատարվեց։

— Ե՞րբ:

— Մի՞թե մոռացել ես։ Չէ՞ որ մի օր երազումս տեսա որ Շահխուռ֊բեկը հափշտակում էր ինձ և դու ազատում էիր... այդպես էլ հո եղա՞վ... ։

— Այո. այդ դեպքը անկարելի է մոռանալ. բայց այժմ ի՞նչ ես տեսել։

— Ա՞յժմ... Ախ, սուրբ Աստվածածին, դու չարը խափանես և բարին առաջնորդես ․․․——բացականչեց Վարդենին՝ գեղեցիկ աչերը դեպի երկինք ուղղելով։

— Պատմիր, աստուծով ամեն ինչ լավ կանցնի,— սիրտ տվավ երեցը։

— Ո՛ւր էր թե աստված քո արդար խոսքը լսեր... Երազումս տեսնում էի,— սկսավ պատմել տիրուհին,— որ