Այս էջը հաստատված է

Շահաբասը եկել հասել է Ագուլիս և ժողովուրդը դիմավորում է նրան, դու էլ, եկեղեցական դասի հետ, առաջնորդում էիր ժողովրդին։ Ես մնացել էի տանը՝ Նանի հետ։ Հանկարծ ժամկոչը սկսավ կոչնակը զարկել և գոռալ «փախեք, Շահռուխ-բեկը գալիս է»։ Ես շտապեցի Նանին ծածկել, ապա ինքս էլ փախչում էի մի պահարան մտնելու։ Հանկարծ ներս մտավ Շահռուխը և հետևիցս վազելով գոչեց. «Ու՞ր ես փախչում, Վարդենի, Անդրեասն այն ժամանակ խլեց քեզ ինձանից, բայց այժմ չէ կարող...»։ Այս ասելով՝ նա վրա է հասնում, բռնում ինձ և գլխիս ոսկե սարքը պոկելով՝ փախչում է... Ես դուրս եմ գալիս աղաղակելու, օգնություն կանչելու, բայց տեսնում եմ որ մարդ չկա բակում, միայն դռան առաջ կանգնած էր ֆրանկների կարգապետ Մատթեոս Երազմոսը, որ ծիծաղում էր ինձ հասած այս դժբախտության վրա...։

— Ա՞յդ է բոլորը, հարցրեց երեցը ժպտալով։

— Այո, մի՞թե այս քիչ է։

— Էհ, այդ կնշանակե թե Շահռուխ-բեկը մի քիչ դրամ է կորզելու մեզանից, գլուխը քար. թող տանե, ինչ ուզում է. մի՞թե դրա համար արժե տխրել։

— Չէ, տեր-տեր, սխալվում ես, կնոջ գլխի զարդը յուր ամուսինն է... նա իմ գլխի զարդը պոկեց... ես վախենում եմ,— ասաց տիրուհին և նրա շրթունքները կրելին դողացին։

— Անհոգ եղիր, իմ սիրուն Վարդենի, այդպիսի բան չի պատահիլ. և վերջապես նրանք ի՞նչ ունեն ինձ հետ. մի՞թե իմ անձը նվեր պիտի տանեն շահին,— հանգստացրեց երեցը տիրուհուն և յուր թղթերը առնելով՝ դուրս գնաց տնից:

Է

Ո՞վ էր Շահռուխ-բեկը և ի՞նչ ուներ տեր-Անդրեասի անարատ ընտանիքի հետ:

Այս հարցին պատասխանելու համար մենք մի քանի տարով դեպի անցյալը պիտի դառնանք։

Երբ երիտասարդ Անդրեասը Սյունյաց անապատում յուր