Այս էջը հաստատված է


բեկը զայրագին և հրամայեց զինվորներին դուրս հանել ամբոխը:

Բայց սարկավագը, որ վերջինի ներս խուժելուց ավելի էր սիրտ առել, նորեն սկսավ խոսել.

— Այս մարդիկ, բեկ, ներս են մտել իրենց հավատակցի և բարեկամի տունը և այս առաջին անգամը չէ. նրանք սովոր են այստեղ հաճախել: Բայց դո՞ւ ինչ ունես այս տան մեջ... այն ասա մեզ։

— Ես քեզ արդեն ասացի, թշվառական,— ընդհատեց Շահռուխը։

— Ասացիր, այո՛. բայց կամենում եմ որ նույնը կրկնես նաև այս ժողովրդի առաջ. կամենում եմ որ նրանք էլ լսեն քո բերանից թե՝ Շահռուխ–բեկը, Ամիրգյունե խանից Ագուլիսի վրա կարգված վեքիլը, որ պետք է հովանավոր ու պաշտպան հանդիսանա յուր խնամքին հանձնված Ժողովրդին, հարձակվել է այս տան վրա, իբրև ավազակ, նրա միակ հարստությունը հափշտակելու համար...։


— Գարշելի անհավատ... դու համարձակվում ես ավազակ անվանել ի՞նձ...— գոռաց Շահռուխ–բեկը և սուրը հանելով՝ խոյացավ դեպի սարկավագը։ Բայց մի քանի հուժկու բազուկներ բռնեցին նրան իսկույն և ամբոխի զայրացած գոչյունը ամբողջ տունը թնդացրեց։

— Դո՛ւրս, դո՛ւրս հանեցեք այդ ավազակներին, այդ անհավատ շներին... մի՛ վախենաք, տղերք, խփեցե՛ք, ջարդեցե՛ք...— գոռում, գոչում էին ամբոխի մարդիկ և բռունցքներն ու դագանակները շարժում օդի մեջ։

Շահռուխ–բեկը, որ բարկությունից գրեթե կատաղել էր, հրաման արավ յուր մարդկանց՝ գնալ, սարվազներ կանչել՝ հանդուգն հայերին կոտորելու համար։

Բայց ծերունի տեր–Հովսեփը, որ ներս մտնող քահանաներից մինն էր, մոտեցավ բեկին և խաղաղ ու ամոքիչ խոսքերով խնդրեց նրան հեռանալ, որպեսզի ամբոխն ավելի ևս չգրգռվի։

— Ժողովուրդը, բեկ, նման է ծովի, որի խաղաղ ժամանակ կարող ես վրան նավարկել, որքան կամենաս, բայց երբ