արդարև Փիլարյանները արժանի էին այն ամենին, ինչ որ աստված պարգևել է նրանց։
Չնայելով, որ երկու երկար ժամեր ուներ յուր տրամադրության ներքո, այնուամենայնիվ, օրիորդը չկամեցավ վերադառնալ տուն — քանի դեռ սպասված գումարը չէր ստացել: Այդ պատճառով նա ուղղվեց դեպի բազմամարդ պրոսպեկտը, ուր օրվա այդ ժամին զբոսնում էր պարապորդների մեծ բազմություն, որի 8/10-ը հարկավ, կանայք էին։ Օր. Սևիկյանի համար, իհարկե, դժվար չէր ընկերուհի գտնել զբոսնող բազմության մեջ, բայց նա դրա համար չմտածեց, որովհետև յուր ուղեղը ավելի ծանրակշիռ խնդրով էր զբաղված։
«Ի՞նչ պիտի անեմ, եթե հանկարծ մերժեն ինձ և կամ 1000, 500 ոուբլու փոխարեն՝ միայն 100 ստորագրեն... Մի՞թե պիտի չոքեմ ուսուցչանոցում և ներողություն խնդրեմ պ. Մեհերյանից...» ։
Այս միտքը, որ անսպաս կերպով ծնունդ առավ օրիորդի գլխում, դող հանեց նրա սիրտը. Սոփին երկչոտ չէր. բայց հպարտ էր և պատվասեր։ Նա, արդարև, չէր կարող մինչև այդ կետն ստորանալ։ Ինչո՞վ պիտի ուրեմն վերջանար գործը, եթե ձեռնունայն վերադառնար Փիլարյանների տնից։ Այս մտածությունը շատ պիտի տանջեր օրիորդին, եթե, բարեբախտաբար, մի ավելի մխիթարական միտք չհաջորդեր առաջինին։
«Ի՞նչ իրավունք ունիմ ես կասկածելու այնպիսի մարդկանց առատաձեռնության վրա, որպիսին են Փիլարյանները, կշտամբեց ինքն իրան օրիորդը, մարդիկ, որոնք օրեկան առնվազն տասը հազար եկամուտ ունեն, մի թե կարող են մերժել իրանց օրվա եկամտի մի տասանորդը հայ վարժուհուն, որ ողորմություն է խնդրում յուր մերկ ու թշվառ հայրենակիցների համար։ Ոչ, անկարելի է։ Նրանք էլ հայեր են. նրանք էլ սիրտ ունին. նրանք հո չեն կարող հանգիստ հոգով վայելել աստծո տված այդ մեծափարթամ հարստությունը, եթե առատորեն բաժին չհանեն իրենց մերկ, քաղցած և անպատսպարան ազգակիցներին։ Բոլոր հայությունն զբաղված է այսօր հալածական հայ գաղթականներին խնամելու և պատսպարելու հոգսերով, նույնիսկ բազմանդամ ընտանիքների աղքատ