նա հուզվեց ու խռովվեցավ, ամենից զորեղ նավերն էլ կարող է խորտակել... զգույշ նավապետը չպետք է յուր նավը ալիքներին մատնե, այդ օգուտ չի բերիլ իրեն,— ասաց տեր-Հովսեփը և Շահռուխի ձեռքից բռնելով առաջնորդեց նրան դեպի տան դուռը։
Բեկը, որ արդեն չափել էր հակառակորդների ուժը, ավելի չդիմադրեց։ Իբրև խորամանկ պարսիկ, նա օգուտ քաղեց քահանայի միջամտությունից՝ պատվով նահանջ տալու համար։
− Քեշիշ, ես պատիվ եմ անում քո սպիտակ մորուքին և հեռանում. բայց որ շահի հրամանը անկատար չի մնալ։ Այդ աղջիկը ես սարվազներով դուրս կհանեմ այս տանից և տասն օր չանցած նա Սպահանում կլինի... — սպառնաց Շահռուխ-բեկը և յուր մարդիկներով դուրս գնաց այրիի տանից։
— Կտեսնենք, կտեսնենք,— գոռացին բեկի հետևից անժույժ երիտասարդները և սարկավագին իրենց գլուխ ունենալով՝ սկսան սիրտ տալ ու խրախուսել հուսահատ այրիին և ահաբեկ աղջկանը։
«Մենք պետք է մեռած լինինք որ այդ շները կարողանան Վարդենիի մի մազը պոկել», ասում էին նրանք։
Եվ այդ խոսքերը անկեղծ էին։ Բայց եթե Շահռուխ-բեկը գործին ա՛յն կերպարանքը տար, որ իբր թե՝ ինքը կամենում է եղել այդ աղջկան վերցնել շահի համար և իրեն խանգարել են, և եթե. նա՝ դեպքից օգտվելով՝ մի քանի բարուրանքներ էլ բարդեր ագուլեցիների, կամ նույնիսկ սարկավագի վրա, թե իբր դրանք իրենց վարմունքով կամեցել են ոչ թե աղջկան ազատել, այլ միայն շահին անպատվել, հարկավ, գործը ծանր կերպարանք կառներ և աղետալի հետևանքներ կունենար։
Անդրեաս սարկավագը, որ հեռատես ու շրջահայաց էր, այրիի դստեր ազատությունը ձեռք բերելուց հետո մտածեց նաև այդ դեպքից առաջ գալիք հետևանքների վրա և շտապեց վտանգի առաջն առնել։
Նա մի խումբ երիտասարդների հանձնեց՝ հսկել այրիի տան ու նրա դստեր պահպանությանը գիշեր և ցերեկ, վախենալով