խանից, որով Շահռուխ-բեկը պաշտոնանկ էր լինում և նրա տեղը կարգվում էր վերակացու խանի մի ուրիշ հավատարիմը:
Այդպիսով Անդրևաս սարկավագի հաղթությունը կրկնակի էր դառնում. մին՝ որ ազատելով սիրած աղջկան՝ ամուսնանում էր հետը և մյուս՝ որ Ագուլիսից հեռացնում էր բռնավոր կառավարչին։
Սակայն վերջինս, իբրև քինախնդիր պարսիկ, չմոռացավ իրեն հասած անարգանքը։ Նա թողեց իսկույն Ագուլիսը և հեռացավ դեպի Սպահան։ Ամիրգյունեի հովանավորյալին պատժելու և այդպիսով իրենից խլված թե՛ պաշտոնը և թե՛ գեղեցկուհու վրեժը լուծելու տենչը ձեռներեցության կորով ներշնչեց նրան։ Շահռուխը մուտ գործեց շահի արքունիքը իբրև հեռավոր էրմենիստանի գործերին և նրա Ժողովրդի ներքին կյանքին քաջածանոթ մարդ։
Եվ որովհետև շահը սովորություն ուներ շրջապատել իրեն յուր ընդարձակ երկրի այս ու այն կողմերը քաջ ճանաչող մարդիկներով, լինեին նրանք սրիկաներ թե ավազակներ՝ միևնույն է, նրանք հարկավորվում էին նրան ամեն ժամանակ, ուստի Շահռուխին էլ տեղ տվավ արքունիքում ։ Բայց հետո տեսնելով նրա մեջ նաև յուր թաքուն նպատակներին ծառայելու արտակարգ ընդունակություն, շնորհեց նրան սենեկապանի պաշտոն և շրջեցնում էր հետն ամեն տեղ։
Շահռուխ-բեկը հասել էր ուրեմն յուր նպատակին։ Ամիրգյունեի խլած պաշտոնի փոխարեն, նա այժմ ստացել էր սենեկապանություն։ Այդքանն, ըստ երևույթին, պիտի գոհացներ նրան։ Բայց իրոք այդպես չեղավ։ Քինախնդիր պարսիկը չէր մոռանում գեղանի հայուհուն, որին խլել էր իրենից Ագուլյաց դպրոցի ուսուցիչը, և այն Ամիրգյունեի օգնությամբ։ Պետք էր ուրեմն դեռ աշխատել՝ այդ զրկանքի վրեժը ևս լուծել։
Եվ ահա այս պատճառով, երբ երկու տարուց հետո Շահաբասը եկավ Հայաստան օսմանցիների հետ կռվելու, Շահռուխը որոշեց օգուտ քաղել հանգամանքից և իրագործել վաղուց ի վեր փայփայած յուր միտքը, եթե միայն թագավորը հաջողությամբ պսակեր յուր արշավանքը: