նշանացի հարցրեց երեցին թե` ի՞նչ կարգադրություն է արել արդյոք դպրոցի աշակերտների համար։
— Նրանց մասին էլ հարկ եղածը որոշել եմ արդեն,— պատասխանեց երեցը.— մեր վաթսուն աշակերտների մի մասը տգեղներ են, որոնց շահի մարդիկը, հարկավ, չեն վերցնիլ. բայց գեղեցիկներին կուղարկենք Ցղնա, խոջա֊Անձրևի կինը հիսուն հոգու տեղ է պատրաստել այնտեղ. մեր աշակերտները մենք կարող ենք վստահանալ նրան։
Հազիվ երեցը յուր խոսքը ավարտեց և ահա եկեղեցու պարսպի դուռը բախեցին։
— Ո՞վ է այս ժամին այցելում մեզ,— հարցրեց ինքնիրեն տեր֊հայրը և դուրս եկավ պատշգամբ։
Ծերունի ժամկոչը շտապել էր արդեն դուռը բանալ։ Եկողը սուրբ Թովմաս վանքի ծառաներից մինն էր, որ հայտնեց քահանային թե՝ առաջնորդ հայր֊սուրբը կանչում է իրեն։
— Ի՜նչ կա,— հարցրեց երեցը հետաքրքրությամբ։
— Չգիտեմ... ասում էին թե իբր խանից հրաման է եկել, նրա մասին պիտի խոսեն... ուրիշ քահանաներ էլ կան մեզ մոտ.— պատասխանեց ծառան։
Տեր հայրը ներս մտավ իսկույն և թեպետ դեռ հոգնած, այսուամենայնիվ, հագավ յուր նոր պարեգոտը, փոխեց հին գլխարկը և ձեռնափայտն առնելով դուրս եկավ տանից։
Վանքի ծառան, որ ձեռքին կրում էր մոմաշորի երկար, խողովակաձև լապտեր, առաջ անցավ տեր-հոր ճանապարհը լուսավորելու համար։
Որովհետև Խցաձորից մինչև ս. Թովմասի վանքը բավական երկար ճանապարհ էր և նրանք գրեթե ավանի մի ծայրից մինչև մյուսը պիտի անցնեին, ուստի տեր֊հայրը յուր ընթացքն արագացրեց։ Նա կամենում էր վայրկյան առաջ հասնել առաջնորդի մոտ և իմանալ, թե՝ խանի հրամանը ինչ նոր գույժ է բերել իրենց, որովհետև բարի լուրի չէր սպասում բնավ։ Բայց ճանապարհը սահուկ էր և սառցապատ։ Տեր-հայրը շարունակ սայթաքում էր. երկաթագամ քոշերը հազիվ էին նրա ոտքերը գետնի վրա բռնում։ Մինչև անգամ շուկայից անցնելու ժամանակ երեցը սահելով՝ նստեց ճանապարհի