Այս էջը հաստատված է

մեջտեղում. իսկ գետաձորը իջնելու ու միջոցին՝ քիչ էր մնում գլորվեր լճացած ջրերի մեջ, որոնց վրա այդ ժամանակ դեռ կամուրջ չէր հաստատված։ Տեր-հայրն այդ վայրկենին այն աստիճան էր զբաղված օրվա ծանր խնդրով, որ ուշադրություն չէր դարձնում ճանապարհի վատթարության վրա։ Եվ եթե ծառայի զգուշությունը չլիներ, գուցե մի վտանգ էլ պատահեր նրան, որ մտազբաղ լինելուց ի զատ նաև հոգնած էր օրվա ծանր աշխատությունից։

Երբ նրանք հասան ս. Թովմասի կամրջին, պատահեցին մի երկու ուրիշ քահանաների, որոնք նույնպես գնում էին առաջնորդարան։

Տեր-Անդրևասը սիրով ողջունեց նրանց և երբ իմացավ որ նրանք էլ կանչված են հայր սուրբից, ինքնիրեն շշնջաց.

— «Փառք աստուծո որ գոնե այս տագնապի օրերում կենդանության նշույլ է ցույց տալիս...»։

Այդ խոսքերը վերաբերում էին առաջնորդ վարդապետին, որ կաթողիկոսի մտերիմներից էր և, առհասարակ, համակրություն չէր տածում դեպի Սյունյաց անապատի սաները։ Ինչպես որ ինքը կաթողիկոսը թշնամաբար էր վարվում այդ անապատի առաջնորդների՝ օրինակ, Մովսես Սյունեցի, Պողոս Մոկացի և այլ սրանց նման վարդապետների հետ, այնպես էլ նրա մտերիմները հակակրում էին այս վերջինների աշակերտներին։ Եվ այդ հակառակության միակ պատճառը նախանձն էր։ Մելիքսեդեկյանները, որոնք, ընդհանրապես, հոգևոր իշխանության պաշտոնակալներ էին, չարակնում էին՝ տեսնելով որ ժողովուրդը ավելի համակրում է Սյունյաց անապատի վարդապետներին և նրանց սաներին՝ քան, իրենց, որ ամեն տեղ սյունեցիներին ընդունում են գրկաբաց և վարձատրում առատորեն, մինչդեռ, իրենք կանգուն էին մնում միայն վարած պաշտոնների շնորհիվ, իսկ այդ պաշտոններն սկսել էին արդեն կորցնել իրենց նշանակությունը այն օրից՝ որ կաթողիկոսը շահի կալանավորն էր դարձել։

Բայց սյունեցիք, իհարկե, հանցավոր չէին այս դեպքում ժողովուրդը ճանաչել էր նրանց արժանիքը, վայելել էր նրրանց անձնվեր ծառայության բազմազան արդյունքները,