Այս էջը հաստատված է

հասու էր եղել այն ճշմարտությանը՝ թև Սյունյաց անապատի առաքյալները ապրում են միայն գործելու համար և գործում են իրոք ի շահ ժողովրդի։ Մինչ դեռ կաթողիկոսի պաշտոնակալները ծառայում էին վարձատրության համար է գործում ի շահ անձնական դյուրությանց։ Ահա այս ներքին հաշիվներն էին պատճառ որ Անդրեաս երեցը փառք տվավ աստծուն՝ տեսնելով որ առաջնորդը քահանաներ է հրավիրում՝ ընդհանուր խորհրդով գործ կատարելու համար և որ իրեն էլ, իբրև հակառակորդ անձի, պատվում է այդ հրավերով։ Բայց ո՞րքան մեծ եղավ երիտասարդ քահանայի հիասթափությունն ու զարմանքը, երբ ներս մտնելով վանքի ընդունարան՝ տեսավ առաջնորդին յուր դեմ զայրացած։ Սա միջին հասակով, գիրուկ մարմնով և լայնալանջ մի վարդապետ էր։ Դեմքը թեպետ դուրեկան և գեղամորուս, բայց զուրկ էր խելոք արտահայտությունից։ Նայվածքը բութ և անթափանցիկ, շարժվածքը անժույժ և գռեհկական. հագած էր ասվյա պարեգոտ և նստած՝ բարձերով զարդարուն տախտի վրա։ Երբ Անդրեաս երեցը ներս մտնելով գլուխ խոնարհեց իրեն, նա իսկույն և առանց ողջունելու հարցրեց. — Տե՛ր-Անդրեաս, ավետարանը պատվիրո՞ւմ է ստորադրյալին հնազանդ լինել յուր իշխանավորին թե ոչ։ — Այո, առաքյալն ասում է. «Ծառայք, հնազանդ լերուք տերանց ձերոց...» պատասխանեց երեցը, մի հարցական հայացք ձգելով վարդապետի վրա։ — Ոչ, այդ չէի ուզում լսել.— նկատեց առաջնորդը. — ես տեր չեմ, դու էլ ծառա չես։ Տիտոսի թղթում ուրիշ պատվեր կա գրված.«Եվ հուշ արասջիր նոցա՝ իշխանությանը հնազանդ լինել և հպատակ կալ...»։ — «...Եվ ամենայն գործոց բարության պատրաստ լինել»,— հարեց տեր-Անդրեասը նույն պատվերի շարունակությունը և լռեց։ —Այդպես է, բայց դու ոչ հնազանդություն ես ցույց տալիս քո իշխանավորին և ոչ բարի գործ ես կատարում,— ասաց վարդապետը դեմքը խոժոռելով։