Այս էջը հաստատված է

անհանգիստ շարժում արավ, սաթե համրիչը արագ-արագ քաշեց և ապա նորեն դեմքը խոժոռելով ասաց.

— Ավելի վատ. դու ուրեմն կրկին հանցանք ես գործեր մին՝ որ անարգել ես քո վարժապետի հիշատակը և մյուս՝ որ անպատվել ես քո վիճակավոր առաջնորդին։

— Բшյց ի՞նչ եմ արել ես, վերջապես,— հարցրեց տեր-Անդրեասը հուզվելով։

— Ահա թե ի՛նչ։ Երկու օրից հետ այստեղ պիտի չինի արեգակնափայլ շահը (որի աթոռը, խնդրում եմ աստծուն, անսասան պահել հավիտյան). մեր ժողովուրդը պիտի դիմավորե նրան։ Արդ, ասա ինձ, այդ դիմավորության հանդեսի մասին հոգալը քո՞ պարտավորությունն է թե առաջնորդի։

— Այդ հանդեսի համար ես ոչինչ չեմ հոգացել,— պատասխանեց երեցը խոնարհությամբ։

— Բայց երեկ երեկոյան բազմամարդ ժողով ես ունեցել քո տանը. ճառեր ես խոսել, կարգադրություններ ես արել... Այնպես չասացի՞ր, տեր-Սարգիս. վեր կաց և վկայիր, —դարձավ վարդապետը Անդրեաս երեցի պաշտոնակցին, որ նստած էր մյուս քահանաների շարքում։

Տեր-Սարգիսը, որ, ինչպես գիտենք, երիտասարդ երեցի հակառակորդն էր և նրա մասին էլ չարախոսել էր վարդապետի առաջ, վեր թռավ տեղից աշխույժով և հանդիսավոր դիրք առնելով՝ սկսավ խոսել.

— Այո՛, իմ պաշտոնակից եղբայրը բազմամարդ ժողով է ունեցել երեկ. այդ ժողովի մեջն է առաջին անգամ շահի գալստյան լուրը հայտնվել և այդտեղ էլ աոաջին անգամ սուրբ հայրապետի նամակը կարդացվել...

— Եվ հետո ինձ ուղարկվել, այնպես չէ՞,— ընդհատեց վարդապետը, և ապա դառնալով քահանաներին շարունակեց, — լսո՞ւմ եք, արժանապատիվ հայրեր, կաթողիկոսի նամակը վիճակավորի ձեռքը հասնելուց առաջ կարդացվել է մի երիտասարդ և տակավին նորընծա համարվող քահանայի տանը... Այս ըմբոստությո՞ւն է թե ոչ, ասացեք։ Ես ձեզ հրավիրել եմ այստեղ իբրև դատավորներ։ Դասեցե՛ք և տեսեք, եթե հանցավոր է՝ պատժեցեք, իսկ եթե արդար՝ արձակեցեք։