Այս էջը հաստատված է

հայրերը ազատ չեն համարում՝ իրենց այդ թշվառներին օգնելու պարտավորությունից, օտարներն անգամ ձեռք են կարկառում նրանց, մի՞թե, ուրեմն, միլիոնատեր Փիլարյանները անտարբեր պիտի մնան դեպի թշվառության այս զոհերը.., հարկավ, ոչ։ Հարստությունը, որ շատ վայելչության հետ է ծանոթացնում մարդկանց, անշուշտ Փիլարյաններին էլ ծանոթացրած կլինի այն քաղցր ու անսահման հաճույքի հետ, որ մարդ արարածն զգում է յուր կարոտ նմանին օգնած ժամանակ...»։

Այս մտածություններն այն աստիճան էին գրավել օրիորդ Սոփիին, որ նա չէր կարողացել նկատել թե՝ վաղուց արդեն հեռացել է պրոսպեկտից և թափառում է Վերայի փողոցներում։ Ուստի երբ սթափվեց, նայեց ժամացույցին, տեսավ, որ երկու ժամն արդեն անցել է։ Ուստի շտապեց դեպի անցնող ձիաքարշը և նստելով նրա վրա, դիմեց դեպի Փիլարյանների տունը։

Այս անգամ արդեն համազգեստ հագած «կռոն» խիստ սիրալիր ժպիտով ընդունեց օրիորդին և, բացի այդ, կարևոր համարեց հայտնել, որ «աղջիկ պարոնն ու աղան հենց նոր վերադարձան այցելատեղից»:

Վերին հարկում օրիորդին ընդունեց մաքուր հագնված մի սպասավոր, որ առաջնորդեց այցելուին դեպի նախասենյակը և այդտեղ գտնվող հնչակը խթելով՝ հայտնեց ում որ անկ էր նորեկ հյուրի մասին։

Երևեցավ իսկույն մի նորատի սպասուհի, որ շնորհաշուք կերպով ողջունելով օրիորդին, լսեց նրա զեկուցումը՝ թե կամենում է տեսնել տիկին Փիլարյանին։ Առաջնորդելով հյուրին դեպի ընդունարանը, սպասուհին շտապեց տիրուհու մոտ, հարկ եղածը նրան հայտնելու։ Ապա նորեն վերադառնալով՝ ավետեց օրիորդին թե՝ տիկինը կբարեհաճե ընդունել իրան մի քանի վայրկյանից:

Օրիորդը, որ մինչև այն նստած էր փոքրիկ ծակոտկեն աթոռի վրա, կարծես, համարձակություն առնելով այդ հայտարարությունից, երբ սպասուհին հեռացավ, ինքն էլ վեր կացավ տեղից և առաջանալով դեպի փափուկ թավշապատ բազկաթոռը, ձգվեցավ նրա մեջ և սկսավ դիտել ընդունարանի