Այս էջը հաստատված է


վտանգի մեջ է և մենք սրբազան պարտք ունինք այդ վտանգն անցնելու համար միայն գործել։ Ով որ այս միջոցում դրա հակառակն է անում, ով որ հասարակաց բարիքը թողած յուր անձնական խնդիրներով է զբաղվում՝ նա մի դավաճան է...։

— Չե՞ք լսում այդ մարդուն, ո՛վ քահանաներ, ինչո՞ւ համար եք լռել...—բացականչեց առաջնորդը զայրույթից գրեթե դողալով։

— Տեր-Անդրեաս, տեր-Անդրեաս, ի՞նչ է պատահել, դու կորցրել ես քեզ...— մոտենալով երեցին շշնջաց Տերունի տեր-Հովսեփը։

Նույնպիսի բացականչություններ արին այս ու այն կողմից։ Բայց տեր-Անդրեասը մնաց անսասան։

— Աղաչում եմ, հարք և եղբարք. հանդգնություն մի՛ համարեք իմ խոսքերը, շարունակեց նա նույն եռանդով. ձեզանից շատերը ճանաչում են ինձ մանկությունիցս ի վեր և գիտեն իմ խոնարհության և համեստության չափը։ Մի՞թե մինչև այսօր, մեր առտնին հարաբերությանց ժամանակ, լսել եք դուք ինձանից մի համարձակ խոսք, կամ նշմարել իմ աչքերում մի բարկացայտ հայացք... բայց այսօր ես առտնին գործով չեմ զբաղած և ոչ իսկ հանգիստ խոսելու իրավունք ունիմ. այստեղ ես կանգնած եմ իբրև դատախազ իմ ժողովրդի կողմից, որի առաջ այս վայրկենին բացված է փորձության անդունդ, որ սպառնում է կլանել նրան յուր մեջ... Ես պահանջում եմ որ այդ անդունդը փակելու վրա մտածեք, իսկ դուք ի՞նչ եք պատասխանում, կամ ի՞նչ հրամայում։ Մի՞թե իրավունք ունիմ ես լռել, կամ դուք ինձանից կարող եք լռություն պահանջել։ Պատերազմի ժամանակ ամեն մի քաջ զինվոր իրավունք ունի նախատել և, մինչև անգամ, ի մահ հարվածել յուր հրամանատարին՝ եթե սա քաջապես կռվելու և զորքին արիություն ու կորով ներշնչելու փոխարեն՝ ծակամուտ է լինում, կամ յուր անձի վրա մտածում։ Եկեղեցվո զինվորության մեջ ես մի սոսկ զորական եմ, իսկ մեր առաջնորդը հրամանատար, նա դանդաղում է գործել և ես հիշեցնում եմ նրան յուր պարտքը. ի՞նչ ունիք սրա դեմ առարկելու։