Այս էջը հաստատված է


Տեր-Անդրեասի խոսքերը տպավորություն արին քահանաների վրա, ուստի նրանցից ոչ ոք չպատասխանեց նրան։ Այդ նկատեց առաջնորդը և ճնշվեցավ: Բայց որպեսզի զգալի շդարձնե յուր պարտությունը, նա մի այլ ընթացք տվավ վեճին։

— Ես գոհ եմ,— ասաց նա,— որ իմ քահանաների մեջ կան քեզ նման աներկյուղ ճշմարտախոսներ։ Երկչոտությամբ լռողը՝ ստոր է ստախոսից։ Բայց ի՞նչպես որոշենք կեղծիքը ճշմարտությունից։ Արդյո՞ք դու դիտմամբ չես արգելք եղել իմ գործելուն՝ որպեսզի այժմ հրապարակավ իմ անգործությունը դատապարտես։

— Ե՞ս, ինչպե՞ս.— զարմացած հարցրեց երեցը։

— Այո, դո՛ւ.— հարեց առաջնորդը. առանց իմ գիտության ժողով ես կազմել քո տանը. ինձանից առաջ կարդացել ես կաթողիկոսի գիրը և առանց իմ հրամանի սկսել ես գործել, որպեսզի այժմ առիթ ունենաս քեզ կռվող զինվոր, իսկ ինձ՝ խուսափող հրամանատար հռչակելու։ Այսպե՞ս է թե ոչ։

— Ո՛չ։ Նախ իմ առաջնորդի թուլությունը ինձ չի կարող ուրախացնել. ուրեմն դրա համար ես չէի աշխատիլ: Երկրորդ՝ ես ոչ մի ժողով չեմ գումարել այլ, իմ ժամավորները իրենք են, ըստ սովորության, հավաքվել ինձ մոտ՝ շահի գալստյան առթիվ խոսելու համար։ Երրորդ' կաթողիկոսի գիրը, որ գրված է եղել բանտում՝ ածուխով և մի պատառ թղթի վրա, ուղղված է եղել ժողովրդին և ոչ թե քեզ. հետևապես, այդ գիրը կարող էր կարդալ ամեն ոք, և առաջին անգամ կարդացել է Ցղնայի քահանան, ապա խոջա-Անձրևը և վերջը ես...

— Հա. ինչո՞ւ խոջա-Անձրևը այդ նամակն առաջ քեզ է բերել և ոչ ինձ,— ընդհատեց հանկարծ առաջնորդը։

— Երևի նրա համար որ կաթողիկոսը դրել էր թե՝ «շտապացեք վտանգի առաջն առնել», քանի ավերող ոտքը չի կոխել ձեր հողը։ Խոջա-Անձրևը ճանաչում է ինձ և գիտե որ ես գործելու ժամանակ դանդաղել չգիտեմ, ուստի նամակը հանձնեց ինձ, որ կարդամ և իսկույն գործի սկսեմ։

— Դարձյալ նախատինք... ուրեմն մենք պիտի դանդաղեի՞նք,— հարցրեց առաջնորդը հուզվելով։