Այս էջը հաստատված է


«քանի հարյուրի: Ընդհանուր գնացքը կարգավորելու «իրավունքը տրված է Ագուլիսի մեր վեքիլին: Նրա պահանջները «պիտի կատարվին անհապաղ և առանց ընդդիմության, մինչև «անգամ, եթե կաքավողների խմբի համար ընտրելու լինի նա «հայոց գեղեցկուհիներից, իսկ շերբեթ ու գինի լցնելու պաշտոնը հանձնելու լինի երիտասարդ միանձնուհիներին։

«Ընդունելության ամենափոքր թերության համար «պատասխանատու պիտի ճանաչվին՝ պարսիկների կողմից — իմ «վեքիլը, իսկ հայոց կողմից— հոգևոր առաջնորդը։

«Գրվեցավ Երևանում։ Ջեմադի–ուլ էվալ ամսո 3-ին Հիջրի 1034 թվին»։

— Ի՞նչ կպատասխանես այժմ սրան,— հարցրեց առաջնորդը՝ խանի հրամանը կարդալուց և նորեն խնամքով ծոցը դնելուց հետ։

— Ի՞նչ պիտի պատասխանեմ. չգիտեմ.— հարեց տեր–Անդրեասը։

— Այստեղ ուղղակի ասված է թե՝ պետք է շահի առաջը տանենք մեր բոլոր գեղեցիկներին ու գեղեցկուհիներին։ Արդ, դու որ ամբողջ ավանը դատարկել ես, էլ ես որո՞նց պիտի տանեմ ։

— Տգեղներին։ Ագուլեցիք հո ստորագրություն չեն տվել շահին թե՝ անպատճառ գեղեցիկ որդիներ պիտի ծնեն։

— Բայց դա կլինի հանդուգն խաբեություն. խանը մեզ ուղղակի հրաման է գրում. ի՞նչպես կարող ենք անսաստել այդ հրամանին։

— Այդ միևնույն խանը գաղտնի իմացրել է կաթողիկոսին թե՝ շահը մտադիր է «մանկաժողով» անել. ուրեմն և անուղղակի խորհուրդ է տվել շտապել այդ չարիքի առաջն առնել։ Արդարասեր Ամիրգյունեն չի կամենում որ մեր զավակները շահի դուռը գնան, դու ինչո՞ւ ես հակառակը պահանջում:

— Իսկ այս հրամանը Ամիրգյունեինը չէ՞ ։

— Դա պաշտոնական թուղթ է. շահի նախարարը չէր կարող ուրիշ կերպ գրել. բայց դու իրավունք ունիս ուրիշ կերպ հասկանալ կամ կատարում տալ նրան։

— Դու կամենում ես կախաղա՞ն բարձրացնել տալ ինձ: