Այս էջը հաստատված է

— Քեզ ոչ ոք չի կախիլ մի անիրավ հրաման պակաս եռանդով կատարելուդ համար: Եվ հենց մեր սխալն այն է՝ որ այդ բարբարոսների ամեն պատվերները կատարում ենք ճշտությամբ, ամեն պահանջները լցնում ենք անդիմադիր, որով հետզհետե գրգռում ենք նրանց ախորժակը՝ պահանջել և ստանալ ավելի ու ավելի։ Այդպիսով նրանք սովորել են նայել մեզ վրա իբրև անասունների վրա. ուստի և շարունակ կթում են մեր կաթը՝ ստինքներնիս ցամաքեցնելու չափով, դնում են մեր վզին արորի ծանր լուծը և հողի փոխարեն հերկել տալիս մեզ առապարները, բարձում են մեր մեջքին դժվարատար բեռներ և վարում մեզ դեպի լեռնալանջեր. և ի վերջո, երբ քաղցենում են՝ անգթաբար մորթոտում և ուտում են մեզ... Բայց վե՞րջ պետք է լինի մի օր այս բոլորին թե ոչ։

— Ի՞նչ վերջ կարող է լինել, քանի որ աստված դրանց ձեռքն է մատնել մեզ։

— Աստված ոչինչ չի արել, ամեն ինչ մենք ենք արել: Երբ տասը հրամանին հինգը կկատարենք, երբ շատ պահանջներից միայն կլցնենք, երբ ստացած հարվածների փոխարեն մինն էլ մենք կչափենք, այն ժամանակ սրանք երես չեն առնիլ և մեկի տեղը տասը չեն պահանջիլ. Շահը հրամայում է որ մեր բոլոր գեղեցիկները հանենք յուր առջևը, որպեսզի նրանց միջիր ընտրե յուր սպանդանոցին հարմար զոհեր. մենք ինչո՞ւ պետք է այդ անարդար ու գարշելի հրամանը կատարենք կուրորեն...

— Սը՜ս՜ս...ի՞նչ բառեր ես գործածում,— երկյուղով ընդհատեց առաջնորդը։

— Հա, ի՞նչ է. վախենո՞ւմ ես. բայց ես չեմ վախենում. աշխարհի առաջ կգոռամ. շահին իրեն կբողոքեմ թե՝ սա մի գարշելի, մի գազանային պահանջ է, որ նա անում է յուր հայ հպատակներից...

— Լսի՛ր, տեր-Անդրեաս, դու սաստիկ գրգռված ես և խոսածդ չես հասկանում, տեղից վեր կենալով՝ խոսեց առաջնորդը. գնա՛ տուն և հանգստացիր. իսկ վաղը ոչնչի չձեռնարկես. ամեն ինչ ես կտնօրինեմ. և հույս ունիմ որ գայիք չարիքի առաջն առնեմ...