Այս էջը հաստատված է


անցուդարձ էր անում սենյակում երկար ժամանակ, մինչև որ տիրուհին հիշեցրեց նրան, թե դպրոց իջնելու ժամանակ է։

Բայց տեր–հայրը չլսեց նրան և շարունակում էր յուր անցուդարձը։ Տիրուհին անհանգստացավ։ Այս առաջին անգամն էր՝ որ ամուսինը անուշադիր էր թողնում յուր խոսքը և անփույթ գտնվում դեպի պարապմունքը։ Նա մոտեցավ երեցին և կամենալով, կարծես, կասեցնել նրա ընթացքը, ասաց.

— Աշակերտները վաղուց սպասում են քեզ. գնա՛ պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի։

— Տեր Անդրեասը կանգ առավ. նայեց տիրուհուն և ասես թե հանկարծ արթնացավ։ Մանկամարդ կնոջ աչքերում նա այնքան սեր ու գորով տեսավ, որ յուր տխրությունը մի վայրկյան մոռացավ։

«Գնա՛, պարապիր, դրանով գուցե տխրությունդ ցրվի...»

Այդ խոսքերը այնքան մեղմ ու քաղցր հնչեցին յուր ականջին, որ դրանցից զգացված հաճելի տպավորությունը չխանգարելու համար, երիտասարդ երեցը ոչ մի առարկություն չարավ։

— Լավ ասացիր, կերթամ,— պատասխանեց նա և փակեղն առնելով՝ իջավ դեպի դպրատուն։

Աշակերտները, քարե սեղանի շուրջ շարված՝ ոմանք սովորում և ոմանք խոսակցում էին. տեսնելով քահանային՝ ոտքի ելան իսկույն։ Տեր–հայրը գլխի լուռ շարժումով ողջունեց նրանց և նշան արավ աղոթելու։ Աշակերտներից մինը բարձր ձայնով սկսավ Տերունական աղոթքը կարդալ։ Երբ նա արտասանեց «Եվ մի՛ տանիր զմեզի ի փորձություն, այլ փրկյա ի չարե» խոսքերը, տեր–հոր ջերմեռանդությունը ասես թե աճեց։ Նա աղաչավոր աչքերը բարձրացրեց դեպի երկինք և ձեռքերը տարածեց օդի մեջ։ Նա կրկնում էր նույն խոսքերը, բայց ավելի ջերմ հավատով։ Եվ երբ աշակերտն ավարտեց, երեցի շրթունքները տակավին նոր աղոթքներ էին մրմնջում։

Վերջապես նա նստեց սովորական տեղը և սկսավ դաս հարցնել աշակերտներից։ Բայց նրա սիրտը դարձյալ անհանգիստ և մտքերը ցրված էին։ Նա հազիվ էր կարողանում յուր ուշադրությունը կենտրոնացնել պարապմունքի վրա։ Եվ