Այս էջը հաստատված է

յուրաքանչյուր անգամ, երբ պատասխանելու համար մոտենում էին իրեն այն աշակերտները, որոնք մյուսներից ավելի առույգ ու գեղեցիկ էին, քահանայի հուզմունքը կրկնապատկվում էր։ Նա հավատում էր, որ բռնավոր շահը պիտի խլե դրանց ծնողների գրկից, և առաջավոր հայերից ոչ ոք պիտի կարենա ազատել այդ զոհերին։

Վերջապես դասերը մի կերպ ավարտելով՝ նա արձակեց աշակերտներին։ Եվ առարկելով թե՝ տկար է ինքը, պատվիրեց որ ճաշից հետո չգան այլևս պարապելու։

Այնուհետև բարձրանալով յուր սենյակը, սկսավ մտածել թե ի՞նչ հնար գործ դնի այդ տղաներին փրկելու համար։ Այս նպատակավ երեցը որոշում էր կանչել ծնողներին և հայտնել նրանց առաջնորդի պահանջը՝ տղայոց վիճակի տնօրինությունը թողնել իրենց կամքին։ Բայց հետո խորհելով թե այդ բանից ծնողները կարող են գրգռվել և առաջնորդի դեմ խռովություն հարուցանել, որով և, գուցե, ավելի վնասեն գործին, թողնում էր այդ դիտավորությունը։ Ապա մտածում էր անուշադիր թողնել հայր-սուրբի պահանջը և տանելով աշակերտներին Ցղնա, հանձնել նրանց խոջա Անձրևի կնոջը։ Սակայն այս միջոցն ևս ապահով չէր թվում, ըստ որում դեռ հիշում էր առաջնորդի սպառնալիքը և, հետևապես, վախենում նրա անխոհեմությունից: Տեր-Անդրեասը գիտեր որ ամենից ավելի զգույշ պետք է լիներ տխմար հակառակորդից, զի խելոք թշնամուց ավելի՝ նրա տված վնասը կլինի անդիմադրելի։ Այս պատճառով, ահա, վերջին միտքն ևս թողնում էր անկատար։

Դեռ այս մտատանջությունների մեջ էր քահանան, երբ ծերունի ժամկոչը ներս մտնելով հայտնեց թե՝ ֆրանկների (հայ ունիթորների) կարգապետը գալիս է իրեն այցելելու։

— Նա անցյալ օրն էլ այստեղ էր, ի՞նչ փորացավ ունի, — հարցրեց ինքն իրեն տեր-հայրը և սակայն, քաղաքավարության համար դուրս եկավ նրան դիմավորելու:

Եկողը հայր Մատթեոս Երազմոսն էր, մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ, որին հոգևորական սքեմը մի առանձին շուք ու վեհություն էր տալիս։ Նրա ոչ խոշոր դեմքը