Այս էջը հաստատված է


— Մի՞թե չգիտես։ Հայր Պողոս Մարիա–Չիտտագինի, սրբազան պապի գերապայծառ նվիրակը։

— Այո, լսել եմ նրա մասին։

— Բայց լսելը բավական չէ. պետք է իմանալ, թե՝ ի՛նչ մեծ ծառայություն է արել նա քրիստոնյա աշխարհին: Այսինքն, ոչ թե նա, այլ սրբազան պապի սուրբ նամակը, որ նա բերել է շահին։ Ծանո՞թ ես դու այդ պատմության հետ։

— Լսել եմ մի քանի բան։

— Բոլորը պետք է լսել, այդ կարևոր է։

Այս ասելով՝ հայր Երազմոսն յուր դիրքն ուղղեց, փակեղը, որ իջել էր ճակատի վրա՝ բարձրացրեց և գլուխը վեր առնելով՝ նորեն սկսավ խոսել.

— Դու գիտես, պատվելի եղբայր, թե ի՛նչ գոռոզ թագավոր է Շահաբասը։ Նա երկյուղ չունի աշխարհի և ոչ մի հզոր տիրապետից։ Բայց և այնպես մի տարի առաջ երբ հայր Պողոս Չիտտագինին ներկայացավ նրան Ֆարահաբադում— իբրև նվիրակ սրբազան պապի և իբրև դեսպան Ֆրանգի ու Սպանիո թագավորների, Շահաբասը ընդունեց նրան ամենամեծ պատվով, նստեցրեց ոսկեկար օթոցի վրա և լսեց նրա խնդիրը լուրջ ուշադրությամբ։ Այդ բավական չէ, շահը հայր Պողոսին սեղանակից արավ իրեն երեք անգամ և ընծաներ տվավ նրան յուր թանկագին գոհարներից։ Դրանք այնպիսի մեծ պատիվներ են, որոնց պարսկաց գահակալները, գոնե մեր ժամանակներում, դեռ չեն արժանացրել ոչ ոքի։ Բայց հայր Պողոսին արժանացրին։ Որովհետև նա ձեռքին ուներ սրբազան պապի նամակը, նա ներկայացել էր շահին իբրև նվիրակ այն մեծ ու վեհապանծ Աթոռի, որի առաջ ծունկ են խոնարհում թագավորները և որի փոշին համբուրում են աշխարի հզորագույն իշխանները...։

Վերջին խոսքերը գերապայծառն արտասանեց հանդիսավոր եղանակով և մի քանի վայրկյան լռելուց հետո՝ նորեն շարունակեց.

— Այո, ծանր է այն ազգի գրությունը, որին զորավիգ չէ այսպիսի հզոր գահակալ և որի մեծավորի կամ առաջնորդի վրա ակնածությամբ չեն նայում արդի բռնակալները։ Ի՞նչ