Այս էջը հաստատված է


«թարխանություն»[1] է տվել շահը, մի քանի ավաններ «խաս»[2] է արել. իսկ շատ անձինքների պաշտոններ է հատկացրել թե՛ բանակի մեջ և թե՛ վարչական գործերում։ Հայր Պողոս Չիտտագինին հույս ունի այսուհետև դեռ էլի նորանոր արտոնություններ ձեռք բերել։ Այս ամենը, պատվարժան եղբայր, հաջողվում է մեզ նրա համար, որ շահը ցանկանում է հաճելի լինել սրբազան պապին։ Դու հարցնում ես թե՝ ինչո՞ւ, ուրեմն, սուրբ քահանայապետը, այդքան զորավոր լինելով՝ չէ պաշտպանում Արևելքի բոլոր քրիստոնյաներին, բայց չգիտես որ նա, ընդհակառակն, սաստիկ ցանկանում է, ի սրտե փափագում է ամենքին հովանավորել և հենց այդ իմաստով էլ նոր կոնդակ է ղրկել ընդհանրական երեսփոխան հայր Չիտտագինիին։ Իսկ վերջինս, պետք է խոստովանել, աշխատում է այդ մասին գերազանց եռանդով։ Քեզ օրինակ այս վերջին դեպքը։ Հենց որ Շահռուխ-բեկը հայտնում է նրան «մանկաժողովի» մասին, նա իսկույն հրավիրում է ինձ Նախճվանից Երեվան։—Քրիստոսի հոտը, գերապայծառ հայր, վտանգի մեջ է, շտապիր փրկել նրան... ասում է նա ինձ և իսկույն էլ գործելու հրահանգներ տալիս։ Այս հրահանգների մասին, խոստովանանք լինի մեր մեջ, նա խոսել է նաև Ամիրգյունե նախարարի հետ և նրա հաճությունը ստացել։ Բացի այդ, հայր Չիտտագինին տեսնվել է նաև կաթողիկոսի հետ...։

— Ի՞նչ հրահանգներ են դրանք,— հարցրեց երեցը հետաքրքրությամբ։

— Այն, որ ես շտապեմ Ագուլիս, հայտնեմ բոլորիդ գալիք վտանգը և ձեզ հետ միասին հոգամ նրա առաջն առնելու միջոցների մասին։

— Բայց ինչո՞ւ աոաջին այցելությանդ ժամանակ չհայտնեցիր ինձ այդ...— հարցրեց երեցը կասկածոտ մի հայացք ձգելով հայր Երազմոսի վրա:

  1. Հարկից ազատել:
  2. «Խաս» էին կոչվում այն գյուղերն ու ավանները, որոնք արտոնություն ունեին հարկը ժողովել իրենց մեջ և տալ ուղղակի կառավարությունը, առանց հարկահանների կամայականության ենթարկվելու: