Այս էջը հաստատված է

կրկնեցին ինձ շատ ազդեցիկ ագուլեցիներ, որոնց հետ մասին առիթ ունեցա խոսելու։ Ամենքն ասում են թե՝ կնդունենք այդ առաջարկությունը , եթե միայն տեր-Անդրեասը միանա մեզ հետ։ Իսկ ես կարծում եմ թե՝ դու այնքան հեռատես կլինիս, որ ի չարը չես գործ դնիլ ժողովրդի դեպի քեզ ունեցած վստահությունը և նրան կսիրես այնքան, որ նույնիսկ յուր շահը պաշտպանելու համար կընդունես իմ խորհուրդը՝ առանց վարանելու, զի փրկության միակ ճանապարհն այն է, որ ահա առաջարկում եմ քեզ։

Երիտասարդ երեցը լուռ նայում էր կարգապետին և կարծես դժվարանում էր պատասխանել։ Առաջնորդն ու ժողովրդի մեծերը խնդրի վտանգավոր կողմը տեսնել չկարողանալով, տվել էին իրենց համաձայնությունը: Բայց ինքը գիտեր, տեսնում էր այն թակարդը, որ ունիթորների կարգապետը, հանգամանքներից օգտվելով, լարում էր հայ ժողովրդի համար։ Հետևապես, եթե համաձայներ նրա առաջարկության, կգործեր յուր խղճի և պարտավորության դեմ, դավաճանելով ընդ նմին և յուր հոտի շահուն. իսկ թե հակառակեր, կգրգռեր յուր դեմ կարգապետի թշնամությունը, որով և, գուցե, կորուստ պատճառեր մի քանի տասնյակ մանուկների։ Վերջին հանգամանքը կշարժեր յուր դեմ նաև առաջնորդի և յուր կարգակիցների զայրույթը, որոնք և իրենց կողմից ժողովրդին կկանգնեցնեին յուր դեմ։

Այս մտածությունները երկար պիտի զբաղեցնեին տեր-Անդրեասին, եթե հայր Երազմոսը լռությունը չընդհատեր։

— Հա, ի՞նչ ես որոշում. համաձայնո՞ւմ ես թե ոչ։

Կարգապետի ձայնը ցնցեց քահանային և նա գլուխը բարձրացնելով վճռաբար պատասխանեց.

— Ոչ։

— Այդ պատասխանը չէի սպասում,— ասաց կաթգապետը։

— Ուրիշ պատասխան չէի կարող տալ,— հարեց երեցը: Քանի որ առաջնորդը իմ համաձայնությանն է սպասում, քանի որ ժողովուրդը իմ ընտրությանն է հավատում, ես ի չարը չեմ գործ դնիլ ոչ մեկի և ոչ մյուսի հավատարմությունը: