նրա մեծանձնության վրա. այսինքն, «մանկաժողովն» արգելելու համար՝ փոխանակ անձնիշխանաբար գործելու՝ խոնարհին շահի առաջ և նրա գթությունը հայցեն։ Հակառակ դեպքում ասում էին նրանք, շահը իմանալով որ գեղեցիկներին թաքցրել ենք, կզայրանա և ավելի մեծ չարիք կհասցնե ժողովրդին։ Երկրորդ կուսակցությունը, որ թեպետ փոքրաթիվ, բայց կազմված էր գեղեցիկ զավակների տեր հարուստ ծնողներից, պահանջում էր որ ընդունվի հայր Երաղմոսի առաջարկությունը և ցանկացողները ունիթորների թվում գրվելով՝ հաշվվին ու վկայվին հայ հոգևորականությունից իբր պապական եկեղեցուն պատկանողներ։ Երրորդ և ավելի զորեղ կուսակցությունը, որ բաղկացած է հոգվով ու սրտով հայ մարդիկներից, երիտասարդներից և քաջ հոգևորականներից, պաշտպանում էր տեր-Անդրեասին և պահանջում՝ որ ամենքն հետևեն նրա խորհրդին և կատարեն այն՝ ինչ որ նա բարվոք և անհրաժեշտ է համարում, որովհետև իրենք մեծ հավատ ունեին այդ մարդու խելքի և հայրենասիրության վրա։ Նրանք պաշտպանում էին տեր-հոր այն միտքը թե՝ չպետք է կուրորեն հնազանդել շահին կամ նրա կառավարիչների ամեն մի անիրավ հրամանին. այլ՝ թե երբեմն պետք է, նաև, ընդիմանալ ցույց տալու համար թե՝ արդարև ժողովուրդը կազմված է կենդանի և զգացող մարմիններից և ոչ թե դիակներից, որոնց կարելի լինի գլորել ուր էլ որ կամենան։ Կար և անտարբերների, կամ արքայական հաճությունը որոնող պաշտոնյաների մի խումբ, որ պնդում էր թե՝ պետք է ամեն բան անել, ամեն ինչ զոհել միայն ևեթ Շահի ընդունելությունը փառավոր կացուցանելու համար, և այդ նկատմամբ առաջարկվում էր հետևել միայն մարմնավոր իշխանության ներկայացուցչի, այն է՝ Ագուլյաց վեքիլի հրամաններին և մատակարարել նրան այն ամենը, ինչ որ նա անհրաժեշտ է համարում ունենալ՝ շահնշահի ընդունելությունը փառավորագույն կացուցանելու համար։
Հայոց կողմից լինելիք ընդունելության պատրաստությունը վեքիլը հանձնել էր այս վերջին կարգի պաշտոնյաներին, որոնք և արյուն-քրտինք մտած՝ մեծ աշխատությունների մեջ էին։ Դրանցից ոմանք զարդարել էին տալիս տներն ու