պատշգամբները, ոմանք քաղաքը լուսավորելու կարիքն էին հոգում. ուրիշները հրավառություններ պատրաստելու ետևից էին. ռազմական կարգերին ծանոթ եղողները շահին դիմավորող խմբերն էին կազմակերպում, իսկ ավելի կիրթ ճաշակ ունեցողները կարգավորում էին երգչուհիների, կաքավողների և, ընդհանրապես, գեղեցկուհիների խմբակներն, ընտրելու այդպիսիներին ոչ միայն ամուսնացյալ կանանցից ու հարսնացու աղջկերանցից (որքան որ կարողանում էին գտնել), այլև կուսանոցներից բերած միանձնուհիներից։ Սույն կարգադրիչներն էին, որոնք և վեքիլի անունով հրաման ղրկեցին Անդրեասին, որ նա նշանակված օրն ու ժամին պատրաստ գտնվի Որտուատում յուր բոլոր աշակերտներով։ Վերջիններս հարուստ ու ծաղկյա շապիկներ հագած՝ պետք է հետևեին եկեղեցական թափորին, որը կազմելու էր առանջորդը և իրենց քաղցր երգերով շահի լսելիքը զվարճացնեին։
Այս հրամանի վրա աշակերտների ծնողները թափվեցան դպրատունը և լաց ու կոծով խնդրում էին տեր-Անդրեասին՝ մի ճար անել իրենց զավակները շահի առաջ չհանելու համար։
Երեցը ծանոթացրեց նրանց գրոծի դրության հետ և ցավելով հայտնեց, որ այլևս չի կարող օգնել իրենց այդ գործում, որովհետև յուր ծրագիրները վերջնականապես խանգարվել էին կարգադրիչների այդ նոր հրամանով։ Բայց նա խորհուրդ տվավ նրանց դիմել առաջնորդին, ասելով թե՝ գուցե նա, իբրև հոգևոր հովիվ, ձեռնհաս լինի գտնել մի պատճառով աշակերտներին Որտուատ չտանելու համար: Երեցը, որ ժողովի օրը այնքան խստությամբ հանդիմանում էր առաջնորդին և այժմ իսկ ամեն անհաջողության պատճառ նրան էր համարում, մի բառով անգամ տրտունջ չհայտնեց նրա դեմ, չկամենալով ծնողների առաջ նվաստացնել յուր իշխանավորին։ Այս պատճառով ծնողները, թեպետ և ամեն բանի տեղյակ՝ այսուամենայնիվ, լսեցին տեր-հորը և գնացին առաջնորդի մոտ։
— «Աման, հայր սուրբ, հրամայիր կոտորել մեր երեխաներին, միայն թե նրանց հոգիները դժոխքից ազատիր»,— այս խոսքերով դիմեցին նրանք վարդապետին, և չէին կեղծում։ Արդարև, նրանք ավելի հեշտությամբ իրենց որդվոց