Այս էջը հաստատված է

— Ոչ մի վնաս. կամեցած ժամանակդ կարող ես վերքը բուժել մի հասարակ օծանելիքով։

— Եթե այդպես է, մենք ամենքս կարող ենք գործածել այդ միջոցը,— խոսեցին այս ու այն կողմից։

— Եվ դա այն առավելությունն ունի,— հարեց վարսավիրան, որ ամենքին կարծել կտա թե՝ երեխաները վարակված են գոնջով, իսկ այդ հիվանդությունը, ինչպես գիտեք, սաստիկ տարածվող է և մանավանդ, ատելի պարսիկներին. թեպետ հենց նրանք են որ մեծ մասամբ վարակված են այդ ախտով։

Ծնողները բանավոր գտին վարսավիրայի առաջարկությունը և առ այդ վարդապետի համաձայնությունն առնելով իրենց տները ցրվեցան:

Երկու օրից հետ, այն է՝ Որտուատ ուղևորվելու համար նշանակած ժամին Խցաձորի դպրատունը հավաքվեցին տեր-Անդրեասի աշակերտները, բոլորն էլ սափրած գլուխներով և նրանցից գեղեցիկները՝ վարակված արհեստական գոնջով։

Տեր-Անդրեասը առաջին անգամ տեսնելով աշակերտներին այդպես այլանդակված, զարմացավ, որովհետև ինքը դեռ անտեղյակ էր ծնողների որոշման. բայց երբ հասու եղավ իրողությանը՝ շատ վշտացավ, որովհետև կատարված գործը, ըստ յուր կարծյաց, կարի անխորհուրդ էր։ Աշակերտների արտաքին տգեղությունը այնպես էր աչքի ընկնում, որ նրա արհեստական լինելը անկարելի էր ծածկել Շահաբասի սուր տեսությունից։

Բայց այլևս ուշ էր. սխալն անկարելի էր ուղղել։ Մնում էր որ տեր-հայրը հնազանդվելով հայ տնօրենների հրամանին՝ պատրաստեր յուր աշակերտները և միանալով հոգևորականների խմբին՝ ուղղվեր Որտուատ։

Այդպես էլ արավ նա։

ԺԱ

Չնայելով որ Որտուատ ի հարուստ այգիներն ու պարտեզները զրկված էին իրենց կանաչագեղ զարդերից և ձյունը ծածկել էր ոչ միայն ավանի հետևից բարձրացող լեռնալանջերը,