Այս էջը հաստատված է

վրա՝ իբրև զույգ հրավառ աստղեր և ոսկեձույլ հմայիլը, որ կապած էր թևի վրա:


Անցնելով Որտուատի կամուրջը, նա ուղղվեցավ դեպի մեծ հրապարակը, որի վրա կառուցած էր նախկին տիրապետ Ղասաբ Հաջիի շքեղ ապարանքը, որ տասնևչորս տարիներից, այն է՝ Ղասաբ Հաջիի օսմանցիներից գերվելուց ի վեր՝ գտնվում էր տխուր և անփառունակ դրության մեջ։ Այդ օրը, սակայն, այդ ապարանքն զգացել էր յուր նախկին պերճությունը: Նրան զարդարել էին թավշով ու կերպասով, հատակների վրա փռել մեծագին գորգեր, փենջարանրեը զարդարել վարագույրներով, իսկ սանդուղքներից սկսած մինչև հրապարակի դուռը տարածել էին կարմիր փիանդազ, որի վրայով պիտի անցներ երկրի տիրապետը։ Ապարանքի գլխավոր դահլիճի մեջ, որ զարդարված էր ոսկեկար օթոցներով և փղոսկրյա կահերով ու կարասիներով՝ բացված էր համադամ նախաճաշի սեղան։ Այդտեղ պատրաստ կեցած էին նաև երգիչ գուսաններ և ընտիր գեղեցկուհիների մի խումբ, որ պերճորեն հագնված, կիսամերկ կրծքով ու հոլանի թևերով պիտի սպասավորեր շահին՝ մատուցանելով նրան անուշ խորտիկներ, ազնիվ գինի, ընտիր պտուղներ և քաղցրահույզ օշարակ։

Սիսականցվոց ընդունելությունը հաճելի տպավորություն էր արել շահի վրա. այդ պատճառով նա յ՛ուր օթևանը մտավ ուրախ տրմադրության մեջ. սիրալիր կերպով ողջունեց հանդիսապետներին։ Երբ նրա շուրջը խմբվեցան յուր ավագներն ու իշխանները, նա հրամայեց ներս հրավիրել նաև հայոց գլխավորներին, այն է՝ մելիքներին, ազնվականներին և նրանց հոգևոր առաջնորդներին, ի թիվս որոց և ունիթորների կարգապետին և պապի նվիրակին։ Ըստ յուր հաճոյախոս բնավորության, շահն ամենքին ողջունելով՝ արժանի արավ նրանց, նաև, մի քանի բարեհաճ հարցերի, որից հետո և հրավիրեց ամենքին՝ նախաճաշ վայելել յուր հետ միասին:

Այդպես նա անում էր հաճախ, չնայելով որ յուր պարսիկ իշխանների համար մեծագույն մի նախատինք էր՝ նստել քրիստոնյաների հետ միասին և ճաշել միևնույն սեղանի վրա։ Բայց որովհետև հրամայողը հզոր Շահաբասն էր, ուստի ոչ մի շրթունք չէր համարձակվում տրտունջ շշնջալ նրա դեմ։