Այս էջը հաստատված է

նա ազդեց խորադետ շահի վրա, որովհետև զգալ տվավ նրան՝ թե հայ առաջնորդի բարեմաղթությունը նույն արժեքն ունի յուր համար, ինչ որ յուր «պարգևները» հայ ազգի համար:

Բայց ինչո՞ւ արդյոք շահը բերավ կաթողիկոսին այդտեղ. ի՞նչ նպատակի էր ծառայում նրա այդ վայրենի զվարճությունը։

Առաջին նպատակն այն էր՝ որ հայ իշխանները տեսնելով իրենց պետին այդ նվաստ դրության մեջ, ամաչեն, նամուսի գան, և շահին տալիք նվերների հետ միասին վճարեն, նաև, կաթողիկոսի, կամ որ նույնն է, էջմիածնական Աթոռի պարտքը (որը դեռ օսմանցիների տիրապետության ժամանակից հանիրավի դրված էր սուրբ Աթոռի վրա). երկրորդ՝ կամենում էր հաճույք պատճառել պապի նվիրակին՝ գիտենալով նրա հակառակությունը հայոց եկեղեցու հետ և դրանով նրան պարտավորեցնել՝ ծառայել յուր կամքին ուրիշ դեպքերում։ Երրորդ՝ այդպիսով ամոքում էր շահը յուր հավատարիմների սիրտը, միևնույն ժամանակ հասկացնելով նրանց թե՝ յուր համար միայն վայրկյանի գործ է՝ գլորել մեկին ամենաբարձր աստիճանից մինչև ստորագույնը, եթե նա կհանդգնի անհաճո լինել իրեն որևէ մի բանով։

Կաթողիկոսը կանգնած մնաց դահլիճում մինչև նախաճաշի վերջը, որից հետո զինվորները վերադարձրին նրան յուր արգելանոցը։ Ոչ ոք հայերից չհամարձակվեցավ նույնիսկ ամենաթույլ դժգոհության մի ցույց արտահայտել շահի դեմ։ Միայն Անդրեաս երեցը, որ յուր աշակերտների հետ միասին կանգնած էր դրսի սրահում և ի պատիվ շահի երգել էր տալիս նրանց, տեսնելով կաթողիկոսին շղթայակապ, իսկույն հուզվեցավ և ծունկ չոքելով նրա առաջ՝ աջը համբուրեց։ Նույնն անել տվավ նա և յուր աշակերտներին։ Բացի այդ, բոլոր ժամանակ որ կաթողիկոսը գտնվում էր դահլիճում, նա թույլ չտվավ որ յուր աշակերտները երգեն։ Այս հանգամանքը, բարեբախտաբար, աննկատելի մնաց շահի և դահլիճում գտնվող մեծամեծների համար, որովհետև գուսանական երգերը ավելի էին գրավում նրանց, քան հայ աշակերտների մեղեդիները։

Քիչ ժամանակից հետո հանդիսապետները դուրս եկան դահլիճից՝ արքային ուղեկցող գնացքը կարգավորելու։