պատկանում էր հայոց խոջաներից մինին։ Ներքուստ ու արտաքուստ զարդարել էին նրան թավշով, կերպասով և հնդկական դիպակներով, իսկ հատակները ծածկել ազնիվ ու մեծագին գորգերով։ Նրա սենյակները կահավորված էին արծաթե ու փղոսկրյա կարասիներով, ապակեզարդ փենջարեները՝ սքողված նուրբ ոսկեթել վարագույրներով, իսկ նրանց քիվերը՝ ծածկված ծաղիկներով, որոնք դրված էին ճենապակյա սկահակներում։ Լայնադիր սանդուղները ծածկում էր քրքմագույն փիանդազ՝ տարածվելով մինչև բակի մեծ դուռը, որ զարդարված էր գույնզգույն վառերով, լապտերներով և մշտադալար ծառերի ոստերով։
Շահն ամեն ինչ Ագուլիսում գտավ պատշաճավոր և հաճոյական, նամանավանդ, երբ երեկոյան քաղաքը լուսավորեցին տասնյակ հազարավոր լապտերներով և ահարկու հրավառությամբ։ Թեպետ դրանք չնչին բաներ էին համեմատելով այն փառահեղ ընդունելության հետ, որ Շահաբասի համար պատրաստել էին մի օր բարգավաճ ջուղայեցիք և որոց միայն լապտերների թիվը հասնում էր այն ժամանակ հիսուն հազարի, այսուամենայնիվ, փոքրիկ Ագուլիսի համար՝ եղած պատրաստություններն էլ շատ հերիք էին։ Մանավանդ որ Շահաբասը (որի կործանիչ ձեռքը ավերել էր ոչ միայն անվանի Ջուղան, այլև շատ քաղաքներ ու գեղեր՝ ցրելով ու տարագրելով նրանց բնակիչներին), վաղուց էր, ինչ չէր տեսել այնպիսի ընդունելություն, որպիսին այժմ պատրաստել էին տակավին շեն ագուլեցիք։ Այս պատճառով նա զվարճանալով զինքը շրջապատող հրապույրներով՝ մոռացավ մինչև անգամ այն տհաճությունը, որ նա ճանապարհին զգացել էր իրեն ընդառաջող տղաների «գերծած գլուխները» տեսնելով։
Բայց սատանան, որ միշտ գործում է մարդու ձեռքով և խոսում նրա լեզվով, չէր դադարում հայոց բախտի անիվը դեպի ձախ դարձնելուց։ Երբ թագավորն յուր մեծամեծների առաջ գոհունակություն հայտնեց ագուլեցվոց ընդունելության մասին, Շահռուխ-բեկն իսկույն հիշեցրեց նրան «գերծած գլուխների» չարահուշ դեպքը, ավելացնելով թե՝ «այդ ամենամեծ անարգանքն է, որ հայերն, առհասարակ, ցույց են տալիս իրենց անհաճո եղող թագավորին»։ Այդպիսով բեկը կամենում