Այս էջը հաստատված է

էր շարժել շահի զայրույթը, որի հետևանքը, հարկավ, պիտի լիներ նախատինք Ամիրգյունեին և կորուստ՝ բազմաթիվ ու անվանի հայերի։

Բայց որովհետև Ամիրգյունեն ներկա էր այդ զրույցին, ուստի թույլտվություն խնդրելով թագավորից՝ ծանր դիտողություն արավ չարասեր Շահռուխին:

— Դու արքայի հավատարիմն ես և քեզ չի վայելիլ չարախոսել նորին մեծափայլության առաջ յուր հպատակ ժողովրդից և դրանով արքայի սիրտը վշտացնել, այն արքայի, որ միայն ևեթ յուր ժողովրդի բարօրության ու հանգստության վրա է մտածում։ Եթե հայերը երազեին նվազեցնել իրենց հարգանքը դեպի արեգակնափայլ շահը, ապա նրանք չէին ընդառաջել նրան այնպիսի աշխարհախումբ բազմությամբ, որպիսին տեսար դու այսօր։ Նրանցից ոչ մեկին մենք չենք ստիպել, այլ իրենք են հոժարակամ եկել տեսնելու այն մեծ արքային, թագավորաց թագավորին, որի մի բարի խոսքը ազգեր է բախտավորեցնում, մի քաղցր հայացքը թշվառություններ վերացնում, որն ամենակարող աստծուց ու նրա մարգարեից հետո՝ միակ պաշտպանն է անօգնական այրիների, խղճուկ որբերի, ոտնակոխ եղած իրավունքների... որ ուրախությամբ վարձատրում է բարությունը և քաջալերում յուր ծառաների հավատարմությունը, որ իհարկե, չի կայանում գաղտնի քսությամբ անմեղներին մատնելու մեջ...։

Նախարարի վերջին հաճոյախոսությունը ավելի ազդեցություն արավ շահի վրա՝ քան Շահռուխի չարախոսությունը, այդ պատճառով կամենալով յուր հաճությունը ցույց տալ Ամիրգյունեին, շահը ընդհատեց.

— Ես շնորհակալ եմ հայերից, խան և, մինչև անգամ պիտի ներեմ նրանց, եթե իմանամ որ տղաների գլուխները նրանք գերծել են միամտաբար։ Բայց և այնպես, ես Շահռուխին իրավունք եմ տալիս քննել այդ բանի պատճառները և հայտնել ինձ անհապաղ թե՝ ո՛վ ո՛րքան հանցավոր է այդ գործում ։

Եվ սակայն «գերծած գլուխների» գործը կարելի էր մոռացնել, կամ, գոնե, այդ առթիվ ներողություն հայցել, մանավանդ որ Ամիրգյունեն հոգում էր հայերի համար: Բայց