բոլոր վաթսուն տղաներին և նրանց բերանից իմանալ ճշմարտությունը։
Սոսկումը կալավ ծնողներին. էլ ազատության հույս չէր մնում. տղաները միամտաբար պիտի մատնեին նրանց, այդ մասին բնավ չէին մտածել և ոչ իսկ կանխավ մի բան հոգացել։ Ի՞նչ անեին ուրեմն։ Նրանք շվարած նայեցին իրար վրա և ապա դեպի երկինք։ Այդտեղից էին այժմ օգնություն սպասում:
— Ես պիտի գլխատեմ ոչ միայն ձեզ, այլև ձեր զավակներին,ձեր իսկ աչքերի առաջ, որպեսի աշխարհն իմանա թե՝ ի՛նչ պատիժ են կրում խաբեբաները,— գոչեց նորեն Շահաբասը և նրա որոտացող ձայնը զարհուրեցրեց ամենքին։ Բայց հազիվ բռնավորն յուր վերջին խոսքն արտասանեց և ահա սրահի խորքից լսվեցավ մի անակնկալ ձայն.
— Մեծափառ արքա. թույլ տուր քո խոնարհ ծառային՝ հայտնել ատյանի առաջ այն հանցավորի անունը, որի պատճառով սպառնում ես դու կոտորել այս անմեղներին։
— Ով է խոսողը, թող առաջ գա,— հրամայեց թագավորը։ Քահանաների խմբից ելնելով՝ սկսավ դեպի ատյանն առաջանալ Անդրեաս երեցը։
Բոլորի վրա տիրեց ահ և զարմացում. ի՞նչ պիտի հայտներ արդյոք նա ատենի առաջ. որի՞ն պիտի մատներ, ի՞նչ տեղեկություններ պիտի տար։ Գործված հանցանքի մեջ, այո, նա ինքը մաս չուներ. ուրեմն և կարող էր անվանել հանցավորներին.. բայց մի՞թե տեր Անդրեաս կգործեր այդպիսի ոճիր. մի՞թե նա ժողովրդին կդավաճաներ... անկարելի էր. ոչ ոք չէր հավատում. մանավանդ նրանք, որոնք ճանաչում էին երեցին։ Բայց միևնույն ժամանակ ամենքը վախենում էին նրա ճշմարտախոսությունից։ Իսկ ինչ վերաբերում է առաջնորդին, նա ահից ու սարսափից արդեն սառել էր։ Չէ՞ որ վերջին օրերում նա անպատվել էր այդ քահանային և նախատել նրան ժողովի առաջ։ Ահա, ուրեմն, հասել էր ժամանակը որ տեր-Անդրեասը վրեժխնդիր լիներ առաջնորդին։ Եվ դրա համար Նա ուներ զորավոր միջոց. «գլուխներ զերծելու» խորհուրդը առաջին անգամ հղացվել էր առաջնորդարանում, իսկ այդ բանը հայտնի էր երիտասարդ երեցին...