— Մանկաժողո՞վը։ Մի՞թե նա արգիլում է ձեզ՝ առ աստված ունեցած ձեր պարտքը կատարել:
— Նա արգելում է շատ ծնողների՝ հայրենի հավատով մեծացնել իրենց որդիներին։ Իսկ ամեն մի այդպիսի արգելքին մենք դիմադրում ենք, որովհետև...
— Ոճիր եք գործում, թշվառականներ,— ընդհատեց թագավորը. մի՞թե չգիտեք որ երկրի ամենալավ ծաղիկները նախ թագավորի արքունիքը պիտի զարդարեն։
— Այո, այն ծաղիկները, որոնց թուփերը չեն արտասվում՝ երբ զրկում ես նրանց իրենց զարդերից։ Բայց այն ծաղիկները, որոնց «մանկաժողովն» է փնջում, լաց ու կոծով լցնում են այն պարտեզները, որոնց մեջ նրանք ծնվել ու սնունդ են առել։
— Ո՞ր ծնողն է դժգոհ մնում այն բանից, որ յուր որդին աննշան անկյունից ելնելով՝ ապրում է արքունիքում և ամեն օր արքայի երեսը տեսնելու և խոսքը լսելու բախտին արժանանում։
— Ընդհանրապես բոլոր հայ ծնողները։
Թագավորը մի անհանգիստ շարժում արավ և դեմքը խոժոռեց։ Բայց նորեն զսպելով իրեն՝ հարցրեց.
— Ի՞նչ է պատճառը։
— Այն, որ նրանց որդիքը քո արքունիքը մտնելուց հետ՝ դադարում են այլևս քրիստոնյա լինելուց. կորչում են հոգվով և մարմնով։ Իսկ հայ ծնողի համար՝ ավելի լավ է հայ թաղել յուր որդուն, քան տեսնել նրան կյանքի մեջ փառավորյալ և սակայն՝ մահմեդական։
— Ով տեր, հրամայիր ինձ ելնել այս ատենից, զի ականջներս չեն հանդուրժում լսել այսօրինակ հայհոյանքներ մի պիղծ քրիստոնեի բերանից,— բացականչեց պարսիկ կրոնապետը՝ տեղից վեր թռչելով։
— Նրանք, որոնք չեն կամենում համբերություն սովորել իրենց թագավորից, պիտի գնան ախոռը՝ չորքոտանիներից այդ բանը սովորելու, գոռաց շահը՝ միջամտող կրոնապետի վրա և վերջինս այլագունելով՝ յուր տեղը կծկվեցավ: Ապա շահը դառնալով քահանային, նույն ցասկոտ ձայնով հրամայեց.