Այս էջը հաստատված է


պիտի երազեն թե՝ կարող են կռվել առյուծի դեմ...։ Երբ Շահաբասը ցանկանում է որ ձեր որդիքը հայ չմնան, մի՞թե դուք կարող եք դիմադրել այդ ցանկության: Ինչո՞ւ գոհ չեք լինում որ չեմ փակում ձեր եկեղեցիները և չեմ մահմեդականացնում ձեզ ամենքիդ. կա՞ միթե աշխարհում մի ուժ, որ համարձակվի իմ արքայական հրամանին դիմադրել...

Այս խոսքերն արտասանվեցին այնպիսի մի եղանակով, որ ներկա եղող քրիստոնյաները սարսափեցան: Նրանց թվում էր թե՝ ահա, ուր որ է, թագավորը կհրամայե եկեղեցիները փակել և իրենց ամենքին բռնի մահմեդականացնել... Չէ՞ որ իրանի գահակալները կատարել էին նմանօրինակ բռնություններ, իսկ Շահաբասը ահավորտգույնն էր նրանց մեջ։

Բայց թագավորի զայրույթը երիտասարդ քահանայի դեմ էր։ Մի վայրկյան լռելուց և յուր բարկացայտ հայացքը ատենի վրա շրջելուց հետ՝ նա նորեն դարձավ երեցին.

—Դու պիտի գիտենաս, ով սինլքոր, որ չնչին մի որդ յուր նմանների ազատարարը լինել չի կարող։Նա միայն չարիք կբերե յուր գլխին՝ եթե համարձակվի որդն լինելուց զատ մի ուրիշ բան լինել... Դու ցանկանում էիր քրիստոնյա պահել քո աշակերտներին. իսկ ես այժմ հրամայում եմ որ ինքդ թողնես քրիստոնեությունը և դավանես այն հավատը, որը քո թագավորը և հզոր իրանի գահակալն է դավանում։ Քո ամենափոքր ընդդիմությունը կարող է կենազուրկ անել քեզ։

Տեր-Անդրեասը չպատասխանեց և միայն արհամարհական մի ժպիտ խաղացրեց շրթունքների վրա։

— Այդ բանի համար քեզ տալիս եմ միայն մի օր ժամանակ հարեց թագավորը։

— Իմ պատասխանը, տեր արքա, կարող ես լսել այս վայրկյանին։

— Ասա՛։

— Ես կարող եմ մեռնել, բայց քո հավատը դավանել՝ երբեք:

— Քեզ հրամայում է Շահաբասը, գոռաց թագավորը։

— Եթե ինձ հրամայեին տասը Շահաբասներ միասին՝ դարձյալ չէի սասանիլ իմ հավատից,— պատասխանեց երեցը համարձակորեն: