Ժողովականներն առաջնորդի խոսքերը լսում էին սիրով և պատրաստակամություն հայտնում՝ չխնայելով ոչինչ՝ տարապարտ զոհին ազատելու համար։ Եվ այդ իսկ նպատակով հարուստը բերում էր դրամական նվերներ շահի մերձավորներին գրավելու, իսկ արքայի առաջ հարգ ունեցողը՝ խոստանում էր յուր բարոյական աջակցությունը։
Մինչդեռ հայերը այս պատրաստության մեջ էին, Շահռուխ բեկն աշխատում էր ուրիշ գործի համար։ Նա մոտեցավ թագավորին և իրավունք խնդրեց նրանից ստիպել բանտարկյալին կատարել արքայի հրամանը, այն է՝ ընդունել փութով մահմեդականություն, կամ ենթարկվիլ տանջանքների. «հակառակ դեպքում ասում էր բեկը, երեցի անհնազանդությունը իբր օրինակ կծառայե տեղացի քրիստոնյաներին և ըմբոստությունը հետզհետե աճելով նրանց մեջ՝ մեծ հոգսեր կպատճառե արքայից արքային»։
Շահը բանավոր գտավ սենեկապետի խորհուրդը և հրաման տվավ նրան վարվիլ բանտարկյալի հետ ըստ յուր ցանկության։
Շահռուխն, առանց ժամանակ կորցնելու, շտապեց դեպի զնդանը։
Կամենալով հասու լինել թե՝ որքա՞ն ճշգրտությամբ են կատարել յուր հրամանը, նա անձամբ իջավ այն գետնափորը, ուր փակված էր քահանան։
Խուլ ու խավարչտին մի նկուղ էր այն, բորբոսնած պատերով ու խորշերով, հատակը թաց, օդը տոգորված գարշահոտությամբ։ Մի նվազ լույս, որ թափանցում էր այդ գուբը պատուհանի տեղ ծառայող խողովակի միջով՝ հազիվ նշմարելի էր կացուցանում թշվառ բնակարանի թշվառագույն բնակչին: Նա ընկած էր գետնի վրա՝ ինչպես անշնչացած մի դիակ, ոտքերը կապված շղթաներով, ձեռքերը պրկված կոճղի մեջ, իսկ պարանոցը անցցրած երկաթյա օղակ, որի ժանգոտած շղթայի ծայրը ամրացած էր բորբոսնած պատի մեջ։ Այս դրությամբ կապյալը չէր կարողանում ոչ նստել, ոչ կանգնել և ոչ իսկ պառկել ցանկացած ուղղությամբ, զի սնարի կոճղը արգիլում էր նրա ամեն մի շարժումն, իսկ ծանր օղակը պարանոցը ճնշելով՝ թույլ չէր տալիս գեթ գլուխը բարձրացնել: