Այս էջը հաստատված է

— Ռուսերեն, ֆրանսերեն:

— Բայց եթե չգիտե, ինչպե՞ս է խոսում։

— Օրվա մեջ հազիվ է յուր երեխաներին մի քանի վայրկյան տեսնում, իսկ այդ վայրկյանների համար մեծ պաշար չէ հարկավոր: Մի երկու զույգ «մայա-տվայա», մի քանի հատ «բոնջուր-մոնժուր» և այդպիսով նրա զրույցը վերջանում է:

Օրիորդ Փամբուկյանի տված տեղեկությունները անհաճո տպավորություն արին Սևիկյանի վրա, նա սկսավ վախենալ «քիչ ստանալու» համար, և մտածում էր տիկնոջ փոխարեն՝ յուր խնդիրն առաջարկել պարոն Փիլարյանին։

Երբ նա այս մասին ընկերուհուն հարցրեց, Լուսիկը պատասխանեց.

— Փողի խնդրում տիկինն ավելի առատաձեռն է. նա մեծ հաճույքով նպաստներ է բաժանում իրեն դիմող երիտասարդներին: Ամուսինը է ընդհակառակը, ատում է ընդհանրապես նպաստ խնդրողներին։

Այս միջոցին տիկին Փիլարյանը, որին հայտնել էին արդեն այցելու օրիորդի մասին, ներս մտավ ընդունարանը մի ծրար ձեռքին։

Այսօր նա հագած էր ավելի համեստ զգեստ, որն և ավելի քիչ էր տգեղացնում նրան։ Բայց դեմքը նույնպես տխուր էր, ինչպես էր երեկ։ Մոտենալով վարժուհուն՝ նա ողջունեց նրան մի բռնազբոսիկ ժպիտով և ասաց.

— Ցավում եմ, որ ինձ հոգս պատճառող խնդիրը իմ ցանկության համեմատ չլուծվեցավ. այդ բանը ծանր վիշտ պատճառեց ինձ... Այսուամենայնիվ դուք կարող եք մի բան տանել մեր կողմից ձեր դժբախտ գաղթականների համար։

Այս ասելով նա ծրարը մեկնեց դեպի վարժուհին։

Վերջինս, որ արդեն շփոթվել էր տիկնոջ տխուր հայտարարությունը լսելով, քիչ էր մնում, որ ծրարը չընդուներ. նա ցանկացավ, մինչև անգամ, մի քանի մխիթարական խոսքեր ասել տիկնոջը՝ նրա ընտանեկան խորհրդավոր վշտի նկատմամբ, բայց լեզուն չհպատակվեց իրեն։ Դրա փոխարեն, հայտնի չէ թե ինչու, նա մատյանը պարզեց դեպի տիկինը և խնդրեց նրան՝ ստորագրել յուր նվերը մատյանի մեջ։